
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ ակտիվորեն շփման մեջ ենք կողմերի հետ». Ուորլիք

Ներկայում տարածաշրջան այցելելու հատուկ պլան մենք չունենք, սակայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ ակտիվորեն շփման մեջ ենք կողմերի հետ: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ուորլիքը մեկնաբանել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստայի հայտարարությունն այն մասին, որ օգոստոսին նախատեսվում են հանդիպումներ:
«Մենք գնահատում ենք կոնգրեսմեն Կոստայի շահագրգռությունը` մեզ հետ միասին որոնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումները հաջող են անցել, դրանք թույլ տվեցին նվազեցնել բռնությունների դեպքերը շփման գծում, նպաստեցին առարկայական բանակցությունների նորացմանը և բախումների ռիսկի նվազեցմանը:
Այդ դրական պահը խաղաղ գործընթացում շատ կարևոր է նախագահների հերթական հանդիպումների համար: Համանախագահները հակված են շարունակել երկխոսությունը նախագահների միջև, նրանք ուսումնասիրում են երկու երկրների նախագահների հանդիպումների հնարավորությունը»,- ասել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոստան հայտարարել էր, որ օգոստոսին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հետ: