Գյուլենը թուրքական դատարաններին մեղադրել է անկախության բացակայության մեջ
Ամերիկաբնակ թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը հանդես է եկել թուրքական դատական համակարգի քննադատությամբ, այն բանից հետո, երբ Անկարան նրան կալանավորելու հրաման է արձակել:
«Քաջ հայտնի է, որ թուրքական դատական համակարգը չունի իրավական անկախություն, այնպես որ այդ որոշումը Թուրքիայի նախագահի` դեպի բռնապետության կողմն ուղղվածության և ժողովրդավարությունից հեռանալու ևս մեկ օրինակ է»,- ասվում է Գյուլենի հայտարարության մեջ:
«Թուրքական դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը ոչինչ չի փոխում իմ վիճակում և իմ հայացքներում: Ես բազմիցս դատապարտել եմ Թուրքիայում հեղաշրջման փորձն ու հերքել իմ առնչությունը հեղաշրջման փորձին»,- ընդգծել է Գյուլենը:
Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի դատարանը հեռակա կարգով Գյուլենին կալանավորելու որոշում է կայացրել:
Հունիսի 15-ին մի խումբ ապստամբներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպեցին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրում է գյուլենական համայնքին և ԱՄՆ-ում վտարանդի նրա ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին:
Անձամբ Գյուլենը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նա դատապարտել էր ռազմական հեղաշրջման փորձը, նաև հայտարարել, որ չի վախենում Թուրքիա արտահանձնումից:
Միաժամանակ, նա չէր բացառել, որ իր կողմնակիցներից որևէ մեկը կարող էր մասնակցել ապստամբությանը:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:
Գյուլենը համարվում է Թուրքիայում ազդեցությամբ երկրորդ մարդը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանից հետո: Նրանք համախոհներ էին, երբ Էրդողանը եկավ իշխանության, սակայն նրանց ուղիները հետագայում առանձնացան: