«Էրդողանը հրաշալի նախագահ է, հայրենասեր». Ժիրինովսկի
«Էրդողանը հրաշալի նախագահ է, հայրենասեր, ցանկանում է իր երկրի զարգացումը: Չի ցանկանում, որ Թուրքիան ղեկավարեն զինվորականներն ու ԱՄՆ-ը և նրան խամաճիկ դարձնեն իրենց ձեռքում։
Գյուլենը Թուրքիայի թշնամին է, և ԱՄՆ-ը Թուրքիայի թշնամին է, քանի որ ոչ միայն ապաստան է տրամադրում Գյուլենին, այլև հովանավորում է նրա գործունեությունը»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
«Բոլոր ընդդիմադիրները, որոնք թաքնվում են ԱՄՆ-ում և այնտեղից քննադատում հայրենիքը, դավաճաններ են, այդ թվում` քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը Թուրքիայի հեղաշրջման կազմակերպիչն է»,- ասել է Ժիրինովսկին:
Նրա խոսքով` Ռուսաստանն աջակցում է Թուրքիային և բանակցելու է բացառապես Էրդողանի հետ, քանի որ հենց նա է օրենքով ընտրված երկրի նախագահը:
«Հուսով եմ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների կայանալիք բանակցությունները կպսակվեն հաջողությամբ, որ այդ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նա։