Բաժիններ՝

«Այստեղ իրավաբանությունը չի գործում, այստեղ, ցավոք սրտի, գործում է քաղաքականությունը, որը միշտ խանգարում է իրավաբանությանը». Ռոբերտ Ռևազյան

«Օբյեկտիվ իրականությունը, գոյություն ունեցող փաստերը և փաստերը՝ ըստ Ոստիկանության, այսօր տարբեր հարթության վրա են գտնվում»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած այսօրվա քննարկման ժամանակ ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը:

Նրա դիտարկմամբ՝ զանգվածային անկարգություն կազմակերպելն այն է, որ դու միտումնավոր մարդկանց հավաքագրում ես, որպեսզի դրդես զանգվածային անկարգությունների. «Համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածված, որևէ մի տեսանյութ պետք է գոնե լինի, որտեղ այդ ոստիկանների ցուցմունքներն ամրապնդվում են, որտեղ կերևա, որ իրենք կոչ են արել՝ «եկեք՝ ջարդենք, փշրենք, քարերով նետենք…»: Նման կոչեր չկան, հակառակը, այս անձինք եթե չլինեին, կարող էր վերածվել զանգվածային անկարգությունների»:

Ռ. Ռևազյանը նշեց, որ Դավիթ Սանասարյանին առաջին անգամ բերման են ենթարկել հուլիսի 18-ին, որի ժամանակ «դաժան ծեծի են ենթարկել, նվաստացրել են, ուղեղի ցնցում է ստացել»: Հաջորդ անգամ նրան բերման են ենթարկել հուլիսի 27-ին: Ռ. Ռևազյանի խոսքով՝ երբ նա հասել է հավաքի վայր, նրան բերման են ենթարկել:

«Սակայն զավեշտն այն է, որ երկու օր հետո՝ Սարի թաղի դեպքերից հետո, հիվանդանոցից նրան բերման են ենթարկում այն հիմնավորմամբ, որ հուլիսի 27-ին, երբ իրեն բերման էին ենթարկել, այդ օրն ինքն ապօրինի հավաք էր կազմակերպել և չէր ենթարկվում ոստիկանի պահանջին՝ հավաքը դադարեցնելու վերաբերյալ: Երևի իրենց մոտ էլ համակարգումը լավ չի եղել, չէին հասկացել, որ այդ օրն ինքը հավաքի վայրում չի էլ եղել, իրեն բերման էին ենթարկել, ինչպե՞ս այդպես եղավ»,- պատմեց Դ. Սանասարյանի պաշտպանը:

Նա նշեց, որ Դավիթի ձերբակալության եռօրյա ժամկետի ավարտից ժամեր առաջ անակնկալ ձևով Դավիթին առաջադրում են նոր հոդված՝ 225-ը, նոր մեղադրանք, այն, ինչն առաջադրել են Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ: Դրան հաջորդում է միջնորդությունը՝ կալանքի վերաբերյալ:

«Ոստիկանների ցուցմունքների հիման վրա եղավ կալանավորումը, որևէ փաստ, տեսագրություն չկա: Ասում ենք՝ գոնե մի հատ տեսանյութ ներկայացրեք, որ իրենք նման կոչեր են անում: Այստեղ իրավաբանությունը չի գործում, այստեղ, ցավոք սրտի, գործում է քաղաքականությունը, որը միշտ խանգարում է իրավաբանությանը: Երբ ոստիկանապետի, դատախազի, քննչական կոմիտեների ղեկավերների, դատավորների նշանակման վերջին խոսքը պատկանում է ընդամենը մի անձի և մի կենտրոնից է, այդ մարմինների միջև շահերի բախում չկա, մրցակցություն չկա, անկախություն չկա, ինչի՞ մասին է խոսքը, նույն սցենարն է»,- նշեց Ռ. Ռևազյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս