«Հայաստանի վերաբերյալ Ժիրինովսկու հայտարարությունները Կրեմլի քաղաքականության հետ առնչություն չունեն». Դուբնով

«Վլադիմիր ժիրինովսկին իր աղմկահարույց մեկնաբանություններով այլ խնդիր է լուծում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՌԴ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու՝ երևանյան վերջին օրերի դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե «թքած Հայաստանի վրա ևս ….»: Նա նաև սպառնացել էր, թե ռուսական կողմը կհանի ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմական բազան:

Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն անդրադառնալով Ժիրինովսկու այս հայտարարություններին՝ ասել էր, թե Վլադիմիր Ժիրինովսկիին մեկնաբանել կամ նրա ասելիքը հասկանալ շատ վաղուց որևիցե մեկը չի փորձում: «Փորձել նրա հայտարարությունների տրամաբանությունը հասկանալ վաղուց ոչ մեկը չի փորձում, հետաքրքրություն ևս չկա»,- ընդգծել էր Տիգրան Բալայանը:

Վադիմ Դուբնովն ասաց, որ Վլադիմիր Ժիրինովսկու բոլոր անդրադարձերի թիրախային լսարանը ռուս հասարակության տարբեր, մասնավորապես՝ «թույլ», «հյուծված» շերտերն են: Ըստ ռուս վերլուծաբանի՝ Ժիրինովսկին ադրբեջանցիների, հայերի, տաջիկների և այլ ժողովուրդների մասին, այսպես կոչված, «օտար սև մարդկանց» մասին խոսելով՝ փորձում է իր համար քաղաքական գիծ կառուցել և հասարակության այդ շերտի աչքում դիվիդենտներ շահել:

«Նա սրանով արդեն 100 տարի զբաղվում է տարբեր իշխանությունների հետ, դա նրա մոտ լավ է ստացվում, որովհետև ռուսաստանյան հասարակության մի մեծ շերտի բավարարում ու հետաքրքրում է, բայց դա որևէ առնչություն չունի Կրեմլի պաշտոնական քաղաքականության հետ, քանի որ Ժիրինովսկին պարզապես այլ խնդիր է լուծում իր և հասարակության այդ շերտի համար»,- ասաց Դուբնովը:

Տեսանյութեր

Լրահոս