«Երևանյան իրադարձությունները միանշանակորեն կհետաձգեն Ղարաբաղյան հակամարտության ծրագրային քննարկումները». գերմանացի վերլուծաբան

«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հանդարտ փուլը հայկական կողմը պետք է օգտագործի ներքին տարաձայնությունները լուծելու նպատակով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով երևանյան իրադարձություններին ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին:

Ուվե Հալբախը մեր ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է հանդիպեին հուլիս ամսին Փարիզում, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդ հանդիպումը չեղարկվեց և տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ նախագահները կհանդիպեն օգոստոս ամսին Ռուսաստանում: Սակայն, ըստ գերմանացի վերլուծաբանի, այդ ծրագրերը ևս խափանվեցին, քանի որ այսօր համանախագահները խոսում են պարզապես հանդիպում կազմակերպելու ջանքեր ներդնելու մասին: Գերմանացի վերլուծաբանը նկատեց նաև, որ նախագահական եռակողմ հանդիպման փոխարեն՝ ՌԴ նախագահն այս ամիս ակտիվ բանակցություններ է վարելու Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, ապա՝ Հայաստանի նախագահների հետ:

«Պուտինն այս պահին զբաղված է Իրանի և Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափի ձևավորմամբ՝ փորձելով կարգավորել իր հարաբերությունները նաև Թուրքիայի հետ: Բնականաբար, այս պրոյեկտների շնորհիվ բարձրանում է Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար: Հայաստանը հայտնվել է իր համար ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանային զարգացումների կիզակետում՝ հատկապես, երբ առաջ են մղվում հակամարտությունը կարգավորելու ծրագրեր, որոնք հասարակության բողոքի ձայնն են բարձրացնում»,- նշեց Ուվե Հալբախը:

Նրա համոզմամբ, սակայն, այս պահին երևանյան իրադարձություններն ու Երևանում շրջանառվող պահանջները բովանդակային բանակցությունները ետին պլան գուցե մղեն, քանի որ Սերժ Սարգսյանը կարող է պատճառաբանել, որ այս պահին զիջումները հայկական կողմի կողմից հասարակական դժգոհության լուրջ ալիք կբարձրացնեն, և դա ներկայումս հնարավոր չէ: «Ուստի սա հաշվի առնելով՝ կարող եմ ենթադրել, որ առաջիկա Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում կներկայացվեն այդ խնդիրները, ներհայաստանյան զարգացումները: Հետևաբար՝ նորություններ այդ հանդիպումից սպասել երևի թե պետք չի լինի»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը:

Նրա համոզմամբ, այնուամենայնիվ, այս ընթացքը հայկական կողմը պետք է օգտագործի հասարակական քննարկումների, կոնսենսուսի ձևավորման և երևանյան իրադարձությունների հետևություններն անելու համար:

Տեսանյութեր

Լրահոս