Պարզվել է Լոնդոնում քաղաքացիների վրա հարձակված անձի ինքնությունը
Լոնդոնի կենտրոնում դանակով անցորդների վրա հարձակված մարդը Նորվեգիայի քաղաքացի է` ծագումով Սոմալիից, իսկ նրա զոհը` ԱՄՆ քաղաքացի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Սքոթլանդ Յարդին:
Ոստիկանությունը նրա արարքի հավանական պատճառ է համարում վերջինիս հոգեբանական վիճակը:
Վիրավոր 5 քաղաքացիների թվում կան Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Իսրայելի քաղաքացիներ:
Ոստիկանությունը ահազանգ էր ստացել այն մասին, որ անհայտ տղամարդը, դանակով զինված, հարձակվում է մարդկանց վրա:
Դեպքի վայրում հայտնաբերվել էր 6 վիրավոր, որոնցից մեկը` 60-ամյա մի կին, ավելի ուշ մահացել էր, մյուս տուժածները` 2 կին և 3 տղամարդ, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հաղորդվում է, որ վիրավորները հիվանդանոցում են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Ոստիկանությունը կարողացել էր ձերբակալել 19-ամյա հարձակվողին: Նրան վնասազերծելու համար գործի էր դրվել էլեկտրաշոկ: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, ավելի ուշ` ոստիկանություն:
Չի բացառվում նաև ահաբեկչության վարկածը:
Հաղորդվում է, որ Լոնդոնի փողոցներում ավելի մեծ թվով ոստիկաններ կիրականացնեն պարեկային հսկողություն` ապահովելու լոնդոնցիների հանգստությունը: Քաղաքի իշխանությունները նման քայլերի են դիմել Եվրոպայում ծայրահեղականների հաճախակի դարձած հարձակումների հետևանքով, մասնավորապես Ֆրանսիայի Լազուրե ափում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: