«Որևէ մեկը պատանդ չի պահվել, պատանդի կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է». Ինեսսա Պետրոսյան

Հուլիսի 31-ին իրավապահներին հանձնված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով: 218-րդ հոդվածով ՝ պատանդ վերցնելը, և 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Խմբավորման անդամների մի մասի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի խոսքով` պատանդ վերցնելու հոդվածով մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ հուլիսի 29-31-ը բժիշկները պատանդի կարգավիճակում են եղել։

«Բայց ունենք մի քանի փաստեր` բժիշկները մուտք են գործել` իրենց բժշկական առաքելությունը կատարելու և վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար. այն  վիրավորներին, ովքեր իշխանությունների կողմից կրակ բացելու հետևանքով ստացել էին ծանր մարմնական վնասվածներ, և բուժօգնության` այսինքն` հիվանդանոց տեղափոխման խնդիր ունեին: Ունենք բժիշկ, ով մինչ այդ էլ հերթապահություն է կատարել, ներս է մտել, դուրս եկել, հիվանդներ տարել, բուժօգնություն ցույց տվել»,- ասաց փաստաբանը` նշելով, որ ստեղծվել է իրավիճակ, երբ խմբի վիրավոր տղաներից ոմանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց, սակայն բուժօգնության կարիք են ունեցել:

«Այդ ժամանակ է խնդիր եղել, իրենք ասել են` թող հերթափոխը գա և ձեզ փոխարինի: Այնտեղ որևէ մեկը պատանդ չի պահվել, պատանդի կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է: Նրանք մշտապես հեռախոսակապ են ունեցել, ում հետ ցանկացել՝ խոսել են: Իսկ ինչ վերաբերում է այն փաստարկին, թե նրանք գնդի տարածքում չեն կարողացել ազատ տեղաշարժվել, հարգելիներս, ինչպե՞ս կարող էին նրանք ազատ տեղաշարժվել, երբ անընդհատ գնդակոծություններ էին տեղի ունենում, և մարդիկ էին ստանում հրազենային վնասվածքներ: Նրանք ազատ չեն տեղաշարժվել, որովհետև նրանց անվտանգության հետ կապված խնդիր է եղել, նրանք կարող էին ընկնել կրակահերթի տակ: ԱԱԾ-ի կողմից անգամ տեսանյութ հրապարակվեց, որում բուժաշխատողներից մեկն ասում է` մեզ ասացին` խնդրեմ, դուրս եկեք, բայց մենք չենք երաշխավորում ձեր անվտանգությունը, որովհետև կարող են մտածել, թե մենք ենք հագել ձեր բժշկական համազգեստն ու դուրս ենք գալիս, և կրակեն: Այդ պատճառով նրանք վախեցել են և դուրս չեն եկել»։

Տեսանյութեր

Լրահոս