ՀՔԾ-ն՝ «Սասնա ծռերից» մեկին ստորագրությամբ ազատ արձակելու մասին
Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սէֆիլյանը, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գևորգ Մելքոնյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։
168.am-ը Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեց՝ Գևորգ Մելքոնյանի նկատմամբ ինչ խափանման միջոց է ընտրվել, և ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածներով է նրան մեղադրանք առաջադրվել, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ նախաքննության այս փուլում այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
Նշենք, որ հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից դուրս են բերվել Ռուբեն Գրիգորյանը և Գևորգ Մելքոնյանը։ Ոստիկանության տարածած տեսանյութում Գևորգ Մելքոնյանը պատմում է.
«Բիսետկում էինք, ծնունդ էինք, Արմենն ասեց՝ գնալու ենք, հանրահավաք կա, ցույց կա, գնանք, մասնակցենք։ Ասեցինք՝ կարելի ա, գնացինք։ Ճանապարհին եկան, կռազը խփեց եսիմ՝ պատի-մատի, սենց վախեցած իջանք, կրակոցներ հնչեց, չջոկինք վաբշե՝ էս որտեղ ենք գտնվում, ինչ ա կատարվում հետներս։ Տեղ մտանք։ Մլիցեքը ճամփի կոմից եկան արդեն, ուզեցանք հետևի կողմից դուրս գայինք մի քանի հոգով, էն էլ շներ կային էդ կոմի վրա, հաչացին, վախեցանք դուրս գանք։ Հետո ասեցին՝ մտեք, մտեք շենքը։ Մտանք շենքը, ու տենց արդեն սպասում էին, թե ինչ ա եղնելու»։
Հարցին՝ արդյոք Ժիրայր Սէֆիլյանին ճանաչե՞լ է, Գևորգ Մելքոնյանը պատասխանում է, որ անձամբ չի ճանաչում, բայց լսել է նրա մասին, ասել են, թե «բերդի» մոտ ցույց է լինելու, այնտեղից ազատելու են։
«Հետո ճանապարհին ասեցին՝ կարող ա կրակոցներ էղնի, չվախենաք»։ Հարցին, թե ի՞նչ գործողություն պետք է կատարեր ինքը, Գևորգը պատասխանում է. «Ես ոչ մի բան չգիտեի, բան չեն ասել, ոչ մի բան՝ որ ես ինչ եմ անելու, որտեղ եմ կանգնելու»։ Նա նշում է, թե չգիտեր՝ ուր է գնում։ Հարցին, թե ինչո՞ւ մինչև այսօր դուրս չէր գալիս, նա պատասխանում է. «Եսիմ… համ հնարավորություն չի եղել, համ շատն էլ վախն էր, որովհետև համ ձեր կողմից էին կրակում, մեր մոտից էլ անընդհատ դիրքավորված էին, չգիտեի՝ ինչ պատասխան կտան»։
Նշենք, որ ըստ ամենայնի՝ Գևորգ Մելքոնյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել դատարան, քննիչի որոշմամբ՝ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։