«Դեռ պետք է պարզվի՝ քաղաքացիականները ոստիկա՞ն են, թե՞ ոստիկան չեն». Աշոտ Ահարոնյան. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ի գիշերը, Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում եւ Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողները հատուկ գործողություններ իրականացրեցին, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Բնակիչները Armtimes.com-ին պատմել էին, որ այդ օրը ոստիկանները պայթուցիկ առարկաներ են գցել Սարի թաղի տները, որոնց պայթյունից բազմաբեկորային վնասվածքներ են ստացել: Այդ օրը նույնիսկ 2 ամսական երեխա է հոսպիտալացվել, իսկ 16-ամյա մի տղա կորցրել էր ձախ աչքը: Armtimes.com-ի թղթակիցն էլ միջադեպից րոպեներ առաջ Սարի թաղում ականատես է եղել, թե ինչպես է մի քաղաքացի ասել, որ իրեն վատ է զգում եւ հաբ ընդունել, որից հետո անարգել անցել է ոստիկանական պատը, վերցրել մահակն ու հարձակվել ցուցարարների վրա: Թե ինչ հաբեր էին ընդունել քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնց բազմաթիվ լրագրողներ եւ քաղաքացիներ ճանաչել էին, փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչութան պետ Աշոտ Ահարոնյանից:
– Պարոն Ահարոնյան, համացանցում տեսանյութ է տարածված, որտեղ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ինչ-որ բան են գցում բերանները: Ի՞նչ են ընդունում:
– Կա հարուցված քրեական գործ, բոլոր տեսանյութերն ուսումնասիրվում են:
– Այսինքն՝ կոնկրետ այդ դեպքո՞վ է հարուցված քրեական գործը, թե՞ առհասարակ միջադեպի հետ կապված:
– Միջադեպի հետ կապված ամեն ինչ:
– Այդ քաղաքացիական հագուստով ոստիկանները տարբերակիչ նշան չունեին…:
-Խնդրում եմ, միանշանակ մի ասեք:
-Տարբերակիչ նշան ունեցե՞լ են:
-Դեռ պետք է պարզվի՝ քաղաքացիականները ոստիկա՞ն են, թե՞ ոստիկան չեն: Ծառայողական քննությունը մեզ մոտ կա: ՀՔԾ-ում կա քննություն:
-Այլ հարց տամ:
-Առաջին հարցին պատասխանեմ՝ կա հարուցված քրեական գործ, դիմեք իրենց (ՀՔԾ):
-Ոստիկանությունն ունի հոգեմետ դեղեր, որոնք նախատեսված են ոստիկանության ծառայողների համար հատուկ գործողություններ իրականացնելու ժամանակ օգտագործելու նպատակով:
-Համարեմ անհեթեթ հարց, չպատասխանեմ:
Որքան էլ անհեթեթ թվա հարցը, բայց Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ տեսանյութում պատկերված անձինք ընդունել են հոգեմետ դեղերից պատրաստված հաբեր: Մեր տեղեկություններով, դրանք պատրաստվել են ՀՀ ոստիկանության լաբորատորիայում, խիստ գաղտնի պայմաններում: Այդ հաբերը կապտագոն տեսակի ամֆետամիններ են, որոնց բաղադրությունը տարբեր է լինում (ըստ պանաջարկի):
Ի՞նչ է ամֆետամինը
Ամֆետամին (ալֆա մեթիլֆենէթիլամինի կրճատված տարբերակն է), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ, ֆենէթիլամինի դասի ածանցյալ, որը կիրառվում է ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով։ Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է: Երեւանում դեռեւս 2010 թվականին մի խումբ քաղաքացիների կողմից ապօրինի եղանակով փորձ է արվել ստանալ կապտագոն, որն իրավապահները բացահայտել են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: