
Մեդվեդևը ցածր աշխատավարձերից բողոքող ուսուցիչներին խորհուրդ է տվել բիզնեսով զբաղվել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցածր աշխատավարձերից բողոքող ռուսաստանցի ուսուցիչներին խորհուրդ է տվել փոխել մասնագիտությունն ու բիզնեսով զբաղվել, հայտնում է Forbes-ը:
ՌԴ վարչապետը նման պատասխան է տվել «Իմաստների տարածք» ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, որի տեսագրությունը տեղադրվել է YouTube-ում:
«Ինձ հաճախ են հարցնում ուսուցիչների և դասախոսների մասին: Դա կոչում է, իսկ եթե ցանկանում եք գումար վաստակել, կան բազմաթիվ հիանալի տեղեր, որտեղ հնարավոր է դա անել արագ ու ավելի լավ, օրինակ` նույն բիզնեսը»,- հայտարարել է Մեդվեդևը` պատասխանելով Դաղստանից ժամանած ուսուցիչներից մեկի հարցին:
Վերջինս հարցրել է, թե ինչու են Ռուսաստանում ուսուցիչներն ու դասախոսները ստանում ամսական 10 000-15 000 ռուբլի աշխատավարձ, իսկ ոստիկանության և ուժային գերատեսչությունների աշխատակիցները`50 000 ռուբլի և ավելի:
Մեդվեդևը, ի պատասխան, պատմել է, թե ինչպես է համալսարանն ավարտելուց հետո աշխատել դասախոս և ավելի քիչ է վարձատրվել, քան միլիցիոները:
Մեդվեդևն ասել է, որ համալսարանն ավարտելուց հետո իրեն առաջարկել էին միանգամից տեղափոխվել դատախազություն, ստանալ բարձր աշխատավարձ, սակայն ինքն ընտրել է ասպիրանտուրան և ցածր աշխատավարձով դասավանդումը և «գոյատևելու» համար շատ դասախոսություններ է կարդացել և բազմաթիվ սեմինարներ վարել:
«Պետք չէ դա համեմատել: Հարցն այն է, թե ինչ ես դու ընտրում կյանքում: Յուրաքանչյուր մարդ կյանքում ընտրում է այն, ինչ իր համար կարևոր է»,- ասել է Մեդվեդևը: