
Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը ջանքեր կգործադրի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ծննդյան օրվա կապակցությամբ, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ալիևի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է, որ ներկայումս Ադրբեջանին ու Միացյալ Նահանգներին միավորում են սերտ ու բազմակողմ կապերը, որոնք կառուցված են բարեկամական հարաբերությունների վրա:
Նշվում է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հաջողությամբ և արդյունավետությամբ զարգանում է փոխադարձ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հենքով:
«Էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում այդ կապերը, շարունակելով զարգանալ ողջ գծով, հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Բավականության զգացում է առաջացնում բեղմնավոր համագործակցությունն ընդդեմ գլոբալ սպառնալիքների և ահաբեկչության»,- գրված է ուղերձում:
Այնուհետ Ալիևը մեծ հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և անձամբ ԱՄՆ նախագահը, ջանքեր կգործադրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար` հաշվի առնելով միջագային իրավունքը նորմերը: