Բաժիններ՝

Մել Գիբսոնը և Շոն Փենը կխաղան «Պրոֆեսորը և խելագարը» ֆիլմում

Հոլիվուդյան դերասաններ Մել Գիբսոնը եւ Շոն Փենը Օքսֆորդի բառարանի ստեղծողներին են մարմնավորելու «Պրոֆեսորը եւ խելագարը» ֆիլմում, որը նկարահանվելու է համանուն վեպի մոտիվներով: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:

Գիբսոնը խաղալու է պրոֆեսոր Ջեյմս Մյուրեի դերը, որը 1857 թվականին սկսել է աշխատել բառարանի վրա, իսկ Փենը՝ բառարանի գլխավոր հեղինակներից մեկի՝ դոկտոր Ուիլյամ Մայնորի դերը, որը նաեւ հոգեկան խանգարում ունեցող հանցագործների կլինիկայի հիվանդներից է եղել:

Բրիտանացի գրող Սայմոն Ուինչեսթերի «Քրոութոռնյան վիրաբույժը» վեպը լույս է տեսել 1998 թվականին, եւ Գիբսոնն իսկույն ձեռք է բերել դրա Էկրանավորման իրավունքը: ԱՄՆ-ում ստեղծագործողությունը հրապարակել են «Պրոֆեսորը եւ խելագարը. սպանության, խելագարության եւ Օքսֆորդյան բառարանի ստեղծման պատմությունը» անվանումով:

Սկզբում Գիբսոնը պլանավորում էր լինել ֆիլմի ռեժիսորը, բայց, ի վերջո, այդ դերն ստանձնեց Ֆարհադ Սաֆինիան, որն ավելի շատ հայտնի է որպես սցենարիստ: Նա աշխատել է Գիբսոնի «Ապոկալիպսիս» կինոնկարի սցենարի վրա: Նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին:

Օքսֆորդյան բառարանն անգլերեն լեզվի ամենախոշոր եւ հայտնի բառարաններից մեկն է: Այն ստեղծողի անունով անվանում են նաեւ «Մյուրեի բառարան»: 10 հատորից բաղկացած առաջին հրատարակությունը լույս է տեսել 1884 թվականից մինչեւ 1928 թվականը: 2017 թվականին պլանավորվում է թողարկել բառարանի լրացված եւ վերամշակված էլեկտրոնային տարբերակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս