«Դե, ամառ է… շոգ է». Հովհաննես Սահակյանը՝ Ժիրինովսկու հայտարարության մասին

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը գտնում է, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտած կարծիքները մեկնաբանման արժանի չեն:

«Որոշ ժամանակ առաջ նա Ադրբեջանը Հայաստանի ընդամենը գուբերնիա էր սարքել, և ադրբեջանցին, որպես այդպիսին, ընդամենը քոչվոր ցեղ էր, հետո Թուրքիայի հետ կապված տեսակետներ էր հայտնել, հիմա էլ՝ սա: Միշտ նշել է, որ, եթե ռուսները հայերին զինեն կամ թույլ տան, հայերը Թուրքիան կգրավեն, իրենց Արևմտյան Հայաստանը կվերականգնեն: Հետևաբար՝ շաբաթը մեկ տեսակետ հայտնող և փոխող, չգիտեմ՝ պատգամավոր ասեմ, քաղաքական գործիչ թե ինչ, թույլ տվեք չմեկնաբանեմ: Ես վստահ եմ, որ դա առնվազն մեր ռուս գործընկերների պաշտոնական դիրքորոշումը չի, պաշտոնական տեսակետը չի: Մնացածը, դե, ամառ է… շոգ է…»,- ասաց Հ. Սահակյանը:

Հիշեցնենք, որ ռուսական Life հեռուստաալիքի եթերում, պատասխանելով լրագրողի հարցերից մեկին, որը վերաբերել է Հայաստանին, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե՝ «թքած Հայաստանի վրա ևս ….»:

Լրագրողը ցանկացել էր պարզել, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքական գործիչը Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

Կարդացեք նաև

«Այնտեղ պարբերաբար կլինեն ելույթներ: Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո’չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ:

Նրանք բոլորն էլ հեռացել են: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ, ողջ աշխարհում ման են գալիս: Այնտեղ ապրելու տեղ չկա` լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց նկատմամբ ստորություններ են անելու»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, Ժիրինովսկին հետևյալ կերպ է արձագանքել.

«Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն՝ բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ:

Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը: Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, նրանց թուրքերը կօգնեն: Հայաստանին 300 տարի առաջ Եկատերինա Երկրորդ թագուհին է փրկել: Թուրքերը դուրս էին հանում բոլորին: Նրանք արդեն այդ ժամանակ էին վարում բոլորից ազատվելու քաղաքականություն: Բոլոր փոքր ժողովուրդներին ոչնչացրել են, իսկ քրդերի հետ չստացվեց, քանի որ նրանք չափազանց շատ են»,- ասել է նա: Լրագրողի հիշեցմանը, թե հայերը բազմաթիվ զորավարներ են ունեցել, որոնք կռվել են Հայրենական պատերազմում, Ժիրինովսկին հակադարձել է` ասելով, թե ինքը չի ասում, թե հայերն անտաղանդ ժողովուրդ են: «Յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինչ-որ ձեռքբերումներ: Ես խոսում եմ ճակատագրի մասին… Հայաստանն ազատ է, սակայն դա այն մեծ Հայաստանի մի փոքր մասն է»,- ասել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս