Բաժիններ՝

«Բարև Երևան»-ը կոչ է անում Երևանի ավագանու անդամներին՝ միանալ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին ազատ արձակելու պահանջին

2016թ. հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավեցին մայրաքաղաքի հիմնական ոստիկանական բազաներից մեկը` ՊՊԾ գունդը՝ վերջնագիր ներկայացնելով ՀՀ նախագահին` ազատել Ժիրայր Սեֆիլյանին և Հայաստանի մյուս քաղբանտարկյալներին, ներկայացնել սեփական հրաժարականը: Սա ունեցավ հասարակական լայն արձագանք. կազմակերպվեցին բազմահազարանոց խաղաղ ցույցեր և երթեր՝ ի աջակցություն «Սասնա Ծռեր» խմբավորման:

Այս իրադարձությունների հանդեպ անտարբեր չէին կարող մնալ երևանցիների կողմից ընտրված ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, ովքեր այս ամբողջ ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին՝ զսպելու և կանխելու հասարակության ու ոստիկանության միջև բախումը: Սանասարյանը նաև «Հակաճգնաժամային խորհուրդ» նախաձեռնության անդամ էր, իսկ նախաձեռնության հիմնական նպատակը խաղաղ ցույցեր կազմակերպելն էր` հանդիսանալով որպես միջնորդ երկու կողմերի միջև` խուսափելու բախումներից և արյունահեղությունից: Օրեր առաջ զանգվածային անկարգություններ կազմակերպելու անհիմն մեղադրանքով ձերբակալվեցին և կալանավորվեցին Երևանի ավագանու այս երկու անդամները:

«Բարև Երևան» խմբակցությունը դատապարտում է այս իրողությունը՝ հիմք ընդունելով փաստաբանների հայտարարությունն առ այն, որ նրանց կալանավորումը շինծու է, քաղաքական հետապնդում է իրականացվում:

Խմբակցությունը անընդունելի է համարում նաև Երևանի ավագանու անդամների անտարբերությունը մայրաքաղաքում ծավալված վերջին իրադարձությունների հանդեպ՝ կոչ անելով միանալ «Բարև Երևան» խմբակցության պահանջին՝ անհապաղ ազատ արձակել Երևանի ավագանու անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին:

Խմբակցությունը նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունն է հրավիրում և ակնկալում նրա դիրքորոշումը ավագանու անդամների ձերբակալման առնչությամբ:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս