«Երևանում դիմակայության խաղաղ հանգուցալուծումը թեթևության զգացում է առաջացնում». Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն են փնտրում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական` համատեղ հանդիպումը:

«Երևանում դիմակայության խաղաղ հանգուցալուծումը մեզ մոտ թեթևության զգացում է առաջացնում: Դիմակայությունն ու դրա հետ կապված հասարակական քննարկումներն ընդամենը հաստատում են այն բանի կարևորությունը, որ երկարատև խաղաղության հասնելու ուղին ընկած է բանակցային գործընթացի միջով, որը ընդունելի է բոլոր կողմերի համար և տանում է դեպի հակամարտության բազմակողմ կարգավորում»,- հայտարարել է Ուորլիքը:

Նրա խոսքով` ոչ մի որոշում չի կարող բռնությամբ պարտադրվել ինչ-որ կողմի:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձրաստիճան անձանց աջակցությամբ կողմերը մասնակցում են բանակցություններին և աշխատում համանախագահների հետ` շփման գծի երկայնքով բռնության ռիսկը նվազեցնելու համար: Խաղաղ գործընթացում հավելյալ առաջընթաց գրանցելու համար մենք որոնում ենք հնարավորություն` կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական` համատեղ հանդիպումը»,- ասել է Ուորլիքը:

Նա հայտարարել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները «հաջող են եղել շփման գծում բռնությունը նվազեցնելու, բռնության ռիսկը կրճատելու համար»:

Ավելի վաղ, ադրբեջանական Trend-ի հետ զրույցում նա հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հակված են շարունակել երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև:

«Ներկա պահին մենք տարածաշրջան այցելելու որոշակի պլաններ չունենք, սակայն մենք մշտական կապի մեջ ենք կողմերի հետ` նախապատրաստելու նախագահների հաջորդ հանդիպումը»,- ասել էր Ուորլիքը:

«Բանակցային գործընթացը վերականգնվել է, համաձայնություն է ձեռք բերվել նվազեցնել բռնության ռիսկերը»,- հավելել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս