«Մեկ անհարմար քայլ, և հերթական «Սասնա ծռերը» կսկսի նոր շենքեր գրավել». Վադիմ Դուբնով

««Սասնա ծռեր» խմբավորման գործունեությունը, ֆուտբոլային լեզվով ասած, դեղին քարտ էր ՀՀ իշխանությունների համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ ամփոփելով երևանյան երկշաբաթյա իրադարձություններն ու դրանցից արված հետևությունները: Նա նշեց, որ եկել է հետևություններ անելու ժամանակը:

Ըստ Դուբնովի՝ երևանյան իրադարձություններից հետո ՀՀ իշխանությունները բացառապես գործնական հետևություններ պետք է անեն:

«Ես կարծում եմ, որ բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք ՀՀ իշխանությունները ծրագրել էին կիրառել իշխանության ղեկավարին մի աթոռից մյուսին փոխադրելու վերաբերյալ, պետք է վերանայվեն, քանի որ մեկ անմտածված, անհարմար քայլ, և հերթական «Սասնա ծռեր» խմբավորումը կսկսի նոր շենքեր գրավել, կրկնվի նույնը՝ գուցե ավելի «մուգ գույներով», քանի որ տեղի ունեցածը՝ ՊՊԾ գնդի զինված գրավումը, նախադեպ էր, որն անհրաժեշտության դեպքում շատ հեշտ կկրկնվի: Ուստի, իմ համոզմամբ, իշխանությունը հաշվի է առնելու այս փաստն ու իր քաղաքական առաջնահերթությունները կառուցելու է այս նոր դասերի վրա՝ վերանայելով իր բոլոր տեխնոլոգիական մոտեցումները:

Այսինքն՝ այստեղ նույնիսկ խնդիրը բյուջետային վերանայումները, տնտեսական քաղաքականությունը չէ, այլ իշխանության տեխնոլոգիայի վերանայումը: Պետք է մշակվի Ռուսաստանի հետ հարաբերությունների ճիշտ մատուցում, նույն տեխնոլոգիան պետք է մշակվի Ղարաբաղյան իրավիճակի մատուցման հարցում, և ամեն ինչ ներկայումս պետք է արագ վերանայել, քանի որ տեղի ունեցածը, ֆուտբոլային լեզվով ասած, դեղին քարտ էր ՀՀ իշխանությունների համար»,- նման տեսակետ հայտնեց Վադիմ Դուբնովը:

Վերջինիս կարծիքով՝ այն բարեփոխումները, որոնք նախաձեռնել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր իշխանական աթոռի տեղափոխման համար, բարեփոխումներ չէին, այլ տեխնոլոգիա: Դա, ռուս վերլուծաբանի գնահատմամբ,   այս պահին վտանգավոր է:

«Եթե մենք խոսում ենք լուրջ բարեփոխումների մասին, ասեմ անկեղծ, որ չեմ հավատում, թե դրանք հնարավոր են ներկայիս իշխանության դեպքում տեսանելի և մոտ ապագայում: Չեմ կարծում նաև, որ Սարգսյանին այլընտրանքային իշխանությունն ունակ կլինի բարեփոխումների: Չեմ տեսնում բարեփոխիչներ, որոնք կարող էին ստանձնել իշխանական ղեկը: Ուստի բարեփոխումների հարցը հերթի մեջ է»,- ասաց վերլուծաբանը:

Վադիմ Դուբնովն անդրադարձավ նաև հարցին, թե ինչ հետևություններ պետք է անի ռուսական կողմը, որին ևս զինված խմբավորումն ուղերձ հղեց այն մասին, որ պայքարելու է Հայաստանի ապագաղութացման դեմ: Դուբնովն ասաց, որ չէր փորձի դրամատիզացնել խմբավորման ղեկավարների հայտարարությունները, քանի որ «ապագաղութացում» տերմինը բավականին անակնկալ, պատահական կերպով հայտնվեց շրջանառության մեջ, և ընդհանրապես խմբավորման քաղաքական գիծը բավական քաոտիկ է, անտրամաբանական:

«Ուստի ես չէի ցանկանա լրջորեն մեկնաբանել այն հայտարարությունները, որոնք արվել են ՊՊԾ գնդից այս երկու շաբաթների ընթացքում, դրանք ամենևին էլ գաղափարական ծրագրեր չէին: Ռուսաստանը լուրջ վերանայման չի ենթարկի իր՝ Հայաստանի ուղղությամբ քաղաքականությունը, քանի որ պարզապես չի փորձելու դրամատիզացնել իրավիճակը:

Երբ ես ասում եմ, որ ՀՀ իշխանությունները պետք է փոփոխություններ իրականացնեն, նրանք պետք է փոփոխություններ իրականացնեն ոչ թե՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլ՝ այդ հարաբերությունների մատուցման հարցում, քանի որ հարաբերությունները չեն փոխվելու, դա ՀՀ իշխանական տեխնոլոգիաների հիմքերի հիմքն է, թեև ես չեմ հավատում, որ կարող է լինել որևէ ֆիգուր, թեկուզ Ռոբերտ Քոչարյանը, թեև ես նրա վերադարձին չեմ հավատում, կամ այլ մեկը, որը կարող է իշխանության այդ տեխնոլոգիան փոխել:

Ուստի ես չեմ կարծում, որ Ռուսաստանի համար Երևանում տեղի ունեցածը շրջադարձային պահ էր: Ես չեմ խոսում իշխանության համակարգի փոփոխության մասին, դրաման հենց նրանում է, որ այն համակարգը, որով նա աշխատում է, այն ժանրը, որով աշխատում է, պահանջում է չափազանց մեծ զգուշություն ու ուշադրություն, որն իրեն ՀՀ իշխանությունը չի կարող թույլ տալ, այսինքն՝ չեմ հավատում նաև, որ դրան ունակ է: Սա հայկական, բացառապես ներքին հարցն է, քանի որ իշխանությունը պայքարում է ինքնապահպանման համար այն շրջանակներում, որոնք կառուցել է, և որին այլընտրանք դեռևս տեսանելի չէ: Ուստի չեմ կարծում, թե Մոսկվան անհանգստանալու մեծ առիթ ունի»,- նման համոզմունք հայտնեց Վադիմ Դուբնովը:

Տեսանյութեր

Լրահոս