Բաժիններ՝

Տուժած քաղաքացիների մոտ առկա է վախի և տագնապի զգացողություն. բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ մտահոգություն հայտնելով հուլիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված պայթուցիկ նյութերի և այլ միջոցների արդյունքում տուժած քաղաքացիների ախտորոշման և բուժօգնության առնչությամբ:

Նամակում նա մասնավորապես նշել է.

«Օգոստոսի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում տարբեր բժշկական կենտրոններում հանդիպել ենք դեռևս բուժում ստացող տուժած քաղաքացիների, որոնց առնչությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունները և ակնկալում ենք դրանց հրատապ լուծումները:

Առաջին. Վնասվածնքներ ստացած քաղաքացիների վնասվածքների արձանագրում և ախտորոշում

Մինչ օրս տուժած քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները չեն տեղեկացվել վնասվածքների վերաբերյալ և նրանց համապատասխան ախտորոշում չի ներկայացվել:
Այս հանգամանքը խիստ կարևոր է նախաքննության մարմնի կողմից իրականցվող քննության ընթացքում յուրաքանչյուրի ստացած վնասների պատճառների գնահատման և համարժեք պատասխանատվության առաջադրման համար:

Խնդրում ենք հետևողականություն դրսևորել և ապահովել պատշաճ վերահսկողություն, որպեսզի տուժած քաղաքացիների վնասվածքները, ըստ ծանրության և լրջության հստակ և ճշգրիտ արձանագրվեն, ախտորոշվեն և դրանք տրամադրվեն քաղաքացիներին:

Երկրորդ. Բուժման ծախսեր

Դեռևս բուժում ստացող քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները անհանգստացած և մտահոգված են, քանի որ հստակ տեղեկություն չունեն, այն մասին, թե ով է հոգալու բուժման ծախսերը:

Այս առնչությամբ խնդրում ենք ապահովել, որպեսզի ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները ստանան անվճար բժշկական օգնություն: Այդ մասին խնդրում ենք հայտարարել բուժում ստացող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին:

Երրորդ. Հոգեբանական աջակցություն

Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների մոտ առկա է վախի և տագնապի զգացողություն: Այս մասին հայտարարել են նաև մասնագիտացված բուժօգնություն տրամադրող բժիշկները:

Ուստի դիմում ենք ձեզ՝ խնդրելով տուժած քաղաքացիների համար ապահովելու հոգեբանական մասնագիտացված օգնություն՝ վախի, տագնապի և այլ բարդույթների վերացման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս