«Ոգեղեն, հայկական մայդան ստեղծող քաղաքացիների պակասը կա». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ապրիլյան պատերազմից հետո այլևս քաղաքական զինադադարը խախտվել է, այն դարձել է «Սասնա ծռերի» ապստամբություն, որն այլ փուլ է տեղափոխվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը::

Նրա խոսքով՝ պետք է ստիպել, որ «ՀՀ գլխավոր ահաբեկիչը՝ Սերժ Սարգսյանը, մյուս ահաբեկիչների հետ, իրենց զինանոցը վայր դնի»:

«Ճիշտ է, ասում են՝ որպեսզի ազատության ծառը ծաղկի, պետք է ունենանք նաև դահիճների արյունը, բայց մենք չենք ուզում, որ իրենց արյունը թափվի: Դրա համար մենք կոչ ենք անում՝ այդ հրոսակախմբերի հրաժարականները ներկայացնել, մասնավորապես՝ ոստիկանների: Եթե մենք ունենք շուրջ 20 հազար զինված ոստիկան, ապա մենք այդ Ոստիկանությունը ոչ թե մեր հանրության դեմ պետք է օգտագործենք, այլ այդ ծառայությունը պետք է իրականացվի մեր սահմաններին: Ոստիկանությունը Սարի թաղի դեպքերից հետո ցույց տվեց, որ Ոստիկանությունն ահաբեկչական կազմակերպություն է»,- հայտարարեց պատգամավորը:

Զ. Փոստանջյանի խոսքով՝ անկախ «Սասնա ծռերի» խորհրդանիշներ Պավլիկի և «Միայնակ գայլի» վիրավոր լինելուց, իրենց ընկերների բանտարկված լինելուց՝ պայքարը շարունակվելու է, պայքարը պետք է բերեն մինչև տրամաբանական ավարտ:

Լրագրողներից մեկն ասուլիսին ներկա՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ այս փուլից սկսած Դուք սկսեք առաջնորդել՝ հաշվի առնելով, որ այս 15 օրերի ընթացքում մենք Ձեզ գրեթե չտեսանք հարթակում, թեև վերջին ընտրություններին քաղաքացիների մի ստվար զանգվածը հենց Ձեզ էր ձայն տվել:

Ի պատասխան լրագրողի հարցի՝ Ր. Հովհաննիսյանը նախ՝ ասաց, որ կարծում է՝ առաջին հերթին՝ ոգեղեն, հայկական մայդան ստեղծող քաղաքացիների պակասը կա. «Նախագահական ընտրությունները եկան և անցան, ով հետևել է ինձ, գիտի, որ այդ պայքարն իմ մասին չէր, «Ժառանգությունը» ներկա է եղել՝ և՛ Դավիթով, և՛ Հովսեփով, և՛ Արմենով: Ինչպես միշտ՝ «Ժառանգությունը» ժողովրդի կողքին էր: Մենք պետք չունեինք պարզելու դրոշը և ասելու, որ մենք ներկա էինք, ես ներկա էի, Արմենուհին և Կարինը՝ ևս: Մենք պետք չունեինք ո՛չ գովազդ, ո՛չ շոու անել, ո՛չ էլ մրցակցել մյուսների հետ: Հիմա խնդիր է՝ ինչպե՞ս անել, որ կուսակցությունները, ոչ կառավարական հատվածը մեկը մյուսին ձեռք մեկնեն և այդ ուժը ստեղծեն, որովհետև լիդերը մեկը չի լինելու: Եթե ունենանք ստեղծարար մոտեցումներ, ոչ թե կուսակցական, կվերցնենք Գյումրին և Վանաձորը: Ես ինձ համարում եմ արդեն ավագ դարձող սերնդի ներկայացուցիչ, և «Ժառանգությունը» միշտ հպարտացել է իր սերնդափոխությամբ»:

168.amի հարցին՝ ինչքանո՞վ է ճիշտ այդ լարված իրավիճակը թողնել երիտասարդներին, ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ հեղափոխությունն ինքներդ անեիք, հետո իշխանությունը հանձնեիք նոր սերնդին, Ր. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Հեղափոխությունը ոչ մեկը չի անելու՝ անկախ իր տարիքից, պետք է անենք միասին, ես ոչ մի տեղ չեմ գնալու, կմասնակցեմ, բայց չեմ մասնակցելու միայնակ, պետք ունենք նոր լուծումների և գիտակցման, որ Հայաստանի պետական որակն այնպիսի ցածրակետի է, որը 25 տարվա ընթացքում երբևէ չի տեսել»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե ի՞նչն է պատճառը, որ վերջին օրերին «Ժառանգությունը» չի մասնակցում ցույցերին, Ր. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը դեռ պետք է քննարկենք, բայց կարծում եմ՝դուք մեզ կգտնեք ամենատարբեր հարթակներում, եթե խոսքը վերջին երկու օրվա մասին է, մեր ներկայացուցիչները կան: Զարուհին առաջարկում է՝ մենք քննարկենք «Ժառանգության» ծրագիրը, նոր ելույթ ունենանք»:

Զ. Փոստանջյանն էլ հայտարարեց, որ իրենք փողոցում են, ժողովրդի կողքին կանգնած են. «Մենք դեռ պետք է քննարկենք մեր գործընկերների՝ Արմենի և Դավիթի հետ, որից հետո այս երկու օրը մենք նաև պետք է ամեն դեպքում այս նոր փուլի մեջ մտնելու մշակած ծրագիր ներկայացնենք: Մենք նոր փուլում հրապարակներում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս