
«Արմեն Բիլյանը դիպուկահարի կրակոցի արդյունքում վայր է ընկել պատնեշից ու, կարծես թե, վնասել ողնաշարը». փաստաբան

Հանրային պաշտպանի գրասենյակի իրավապաշտպան, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի իրավապաշտպան Արմինե Ֆանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ երեկ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 218 հոդվածի երրորդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնել և պահել, և 235 հոդվածի երրորդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կրել, պահել:
«Նախատեսվող պատիժը խիստ է, առավելագույն սահմանը բավական բարձր է, առանձնապես ծանր հանցագործությունների շարքին է դասվում հոդվածներից յուրաքանչյուրը: Բիլյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, օգտվում է լռելու իրավունքից, ցուցմունք չի տալիս այս պահին: Առաջադրված երկու մեղադրանքում էլ իրեն մեղավոր չի ճանաչում,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ երկու հոդվածներն էլ ունեն խրախուսական նորմեր, ըստ որոնց՝ եթե անձը՝ պատանդի դեպքում՝ կամովինն ազատ է արձակում նրան ու հրաժարվում է իր պահանջներից, մյուս դեպքում՝ զենքն է կամովին հանձնում,- Այդ դեպքում անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե նրա արարքում այլ հանցակազմը բացակայում է: Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս հարցն իմ կողմից բարձրացվել է՝ այն իմաստով, որ 235 հոդվածի մասով հիմնավոր կասկածի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ ԱԱԾ-ն դրան նախորդող ժամանակահատվածում բազմաթիվ հաղորդագրություններ է տարածել, որով հորդորել է խմբի անդամներին՝ վայր դնել զենքերը, որին էլ պետք է հաջորդեր նրանց քրեական պատասխանատվությունից ազատելը: Սակայն, կոնկրետ Արմեն Բիլյանին 235 հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել»:
Փաստաբանը նշեց, որ անպայման կալանքի որոշումը բողոքարկվելու է. «Պաշտպանյալս առողջական խնդիրներ ունի՝ դիպուկահարի կրակոցի արդյունքում վայր է ընկել պատնեշից ու, կարծես թե, վնասել ողնաշարը, բավական լուրջ դժվարություններով է տեղաշարժվում: Նա չի հոսպիտալացվել, ցավազրկողների միջոցով ապահովել են նրա մասնակցությունը դատական նիստին: Այս պահին նա գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում»:
Ըստ նրա՝ Արմեն Բիլյանը հիացմունքի արժանի տոկունության տեր անձնավորություն է. «Որևէ վայրկյան չի ընկճվում, ճիշտ հակառակը՝ մեզ է ոգեշնչում: Ինքն էլ իրեն համարում է ռազմագերի: Դա իրավաբանորեն դժվար է բացատրել, ավելի շատ խորը փիլիսոփայական իմաստով է կիրառվում»:
Փաստաբանը նաև նշեց, որ Արմենն ամուսնացած չէ, և միայն նրա մորն է ճանաչում: