
Սպիտակ տունը Իրանին գաղտնի վճարել է 400 միլիոն դոլար. WSJ

Սպիտակ տունը գաղտնի կերպով Իրանին է փոխանցել 400 միլիոն դոլար կանխիկ գումար, գրում է Wall Street Journal-ը` հղում կատարելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին:
Նշվում է, որ տվյալ օպերացիան համընկել է այս հունվարին Իրանում ձերբակալված չորս ամերիկացիների ազատ արձակման հետ:
Աղբյուրները նշում են, որ Իրանին են փոխանցվել եվրոներ, շվեյցարական ֆրանկներ և այլ արժույթներ, բայց ոչ աﬔրիկյան դոլար, քանի որ դա օրենքով արգելված է: ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան արժույթը գնել է Նիդեռլանդների և Շվեյցարիայի Կենտրոնական բանկերից:
Թերթի տվյալով` այդ գումարները բազային վճարումներ են ԱՄՆ-ի և Իրանի միջև 1,7 միլիարդ դոլարի զենքի գործարքի վաղեմի վեճի կարգավորման շրջանակում, որը կնքվել էր դեռ Իրանի շահ Մոհամմեդ Ռազա Փեհլեևիի ժամանակ:
Թեհրանը պահանջել է վերադարձնել 400 միլիոն դոլարը, որը պահվում էր Պենտագոնի հատուկ հիմնադրամում, որպեսզի կարողանա գնել ամերիկյան կործանիչներ: Իրանցիները պահանջում են նաև տոկոսները:
Հայտնի չէ, թե երբ է գումարը տեղափոխող ինքնաթիռը ժամանել Իրան, սակայն իրանցի աղբյուրները հայտարարում են, որ այն համընկել է հունվարի 17-ին Իրանը լքած ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակման հետ:
Իր հերթին, ԱՄՆ-ն ազատել էր Իրանի 7 քաղաքացիների: