Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան:
Տող գյուղի մոտակայքում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Հադրութի շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի շրջանում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ հավելելով, որ շրջանում առկա են բավարար պայմաններ հետեւողականորեն բարձրացնելու ե՛ւ համախառն բերքի, ե՛ւ բերքատվության ցուցանիշները:
Նույն օրը Նախագահն այցելել է «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից կազմակերպված «Հայրենիք» երիտասարդական ճամբար, հանդիպել երիտասարդների հետ եւ ջերմ ու անմիջական մթնոլորտում զրույց ունեցել տարբեր թեմաների շուրջ: Երկրի ղեկավարը կարեւորել է նման ճամբարների նշանակությունը երիտասարդների հայեցի դաստիարակության եւ հայրենիքը ճանաչելու տեսանկյուններից:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: