«Սաակաշվիլին իրավունք չունի միջամտել Վրաստանի քաղաքական գործունեությանը». Վրաստանի նախագահի աշխատակազմ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի աշխատակազմը կոչ է անում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին զերծ մնալ վրացական քաղաքական գործընթացներին միջամտելուց, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Մարգվելաշվիլիի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեի խոսքով` Ուկրաինայի քաղաքացին իրավունք չունի միջամտել երկրի քաղաքական կյանքին:

«Կոչ ենք անում Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիին զերծ մնալ վրացական քաղաքական գործընթացներին միջամտելուց: Նա` որպես անձ, որը չունի վրացական քաղաքացիություն, իրավունք չունի միջամտել Վրաստանի քաղաքական գործընթացներին և վարել քաղաքական գործունեություն:

Բացի այդ` մեզ համար անընդունելի է փաստը, որ պարոն Սաակաշվիլին փորձում է խաթարել ամենահեղինակավոր դիտորդական կազմակերպության` Վրաստանի երիտասարդ փաստաբանների ասոցիացիայի հեղինակությունը, որի դերը կարևոր է ընտրական փուլում:

Սաակաշվիլին ստում է, երբ ասում է, թե սեփական կամքով չի հրաժարվել վրացական քաղաքացիությունից: Նա շատ լավ գիտեր, որ վերցնելով Ուկրաինայի քաղաքացիությունը, բնականաբար, ըստ հաստատված օրենսդրության, կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը»,- հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս