«Ժիրինովսկու հայտարարությունը Ռուսաստանի ոչ պաշտոնական պատասխանն է Հայաստանի՝ միակողմանի զիջումների չգնալու դիրքորոշմանը». Արթուր Ղազինյան

«Ժիրինովսկին ռուսական քաղաքական գծի ուղղակի արտահայտողն ու պաշտպանն է»,- իր ֆեյսբուքյան էջում այս մասին է գրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՌԴ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի՝ երևանյան վերջին օրերի դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ հայտարարությանը:

Արթուր Ղազինյանը նշել է. «Ժիրինովսկին ռուսական քաղաքական էլիտայում նորեկ չէ, նա Պետդումայի փոխխոսնակն է, ռուսական պետական հեռուստաընկերությունների թոք-շոուների մշտական մասնակիցը, ռուսական քաղաքական գծի ուղղակի արտահայտողն ու պաշտպանը։

Եթե Ռուսաստանը խնդիր ունի ԱՄՆ-ի հետ, ուրեմն նա առաջին գծում է, եթե խնդիրը Թուրքիայի հետ է, ուրեմն նա առաջինն է հայհոյում ու Թուրքիան վերացնելու կոչ անում՝ հայերի ձեռքով»։ Իսկ ներկայումս, Ղազինյանի համոզմամբ, թիրախը Հայաստանն է, քանի որ Հայաստանը կանգնած Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան կոալիցիայի ճանապարհին, չի համաձայնում զիջել արյամբ գրաված հողերը՝ հանուն Ռուսաստանի կայսերական շահի։ «Իսկ Հայաստանի վերաբերյալ թոք-շոու կազմակերպել հնարավոր չէ, ամեն դեպքում ֆորմալ դաշնակիցներ ենք ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում, բայց իր տեղը ցույց տալ պետք է։ Իսկ սրա համար կան հատուկ ծաղրածուներ, որոնք կասեն ինչ որ պետք է, երբ որ պետք է։ Պուտինի հայաստանյան վկաները ջանք չեն խնայում Ժիրինովսկուն Պուտինից տարանջատելու համար, բայց դա զուր է։ Ռուսաստանն այն պետությունը չէ, որ Պետդումայի փոխխոսնակն ինչ ուզի՝ ասի»,- գրել է Ղազինյանը։

Վերջինս նաև նկատել է, որ բոլորն ուշադրություն դարձրին «թքած ունենալ» արտահայտության վրա՝ չնկատելով կոնտեքստը, որում հնչեցվել է այդ միտքը։
«Խնդրում եմ նորից կարդալ ու ավելի ուշադիր, ու մտածելու ունակություն ունեցող մարդն անմիջապես կհասկանա, որ դա Ռուսաստանի ոչ պաշտոնական պատասխանն է Հայաստանի՝ միակողմանի զիջումների չգնալու իր դիրքորոշմանը»,- իր ֆեյսբուքյան էջում նման տեսակետ է ներկայացրել Արթուր Ղազինյանը:

Տեսանյութեր

Լրահոս