
«ՊՆ-ն պետք է առավելագույնս հեռու լինի քաղաքական դիմակայությունից». Վրաստանի վարչապետ

Վրաստանի պաշտպանության նախարարությունն այն գերատեսչություն է, որտեղ ամենից շատ պետք է զգացվի երկրի միասնականությունն ու այդ գերատեսչությունը միշտ պետք է ցուցիչ լինի, թե որքան կարևոր է մեր հայրենիքն ու մեր երկիրը:
Այս խոսքերով է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին դիմել պաշտպանության նախարարության և Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչներին` ներկայացնելով պաշտպանության նորանշանակ նախարար Լևան Իզորիային:
Կվիրիկաշվիլիի խոսքով` Իզորիան բարձրակարգ պրոֆեսիոնալ է և հայրենասեր, որը կառավարության և նախարարության թիմի հետ կշարունակի պաշտպանական գերատեսչության կարևորագույն բարեփոխումները և կկոնսոլիդացնի բոլորին` երկրի պաշտպանունակության բարձրացման նպատակով:
«Մեր գլխավոր խնդիրը մեր երկրի պաշտպանությունն է: Դա եղել և մնալու է մեր երկրի կարևորագույն առաջնահերթությունը: Բնականաբար, այն բարեփոխումները, որոնք իրականացվել են, ընթանում են ու իրագործվելու են ապագայում, շատ կարևոր են մեր երկրի եվրաատլանտյան ինտեգրման և վերջին շրջանում ԱՄՆ-ի հետ կնքված ռազմական համագործակցության հուշագրի ընդլայնման համար»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով` պաշտպանության նախարարությունը պետք է առավելագույնս հեռու լինի քաղաքական դիմակայությունից:
«Ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է վերջ տալ այդ հակադրությանը: Ես ցանկանում եմ, որ երկիրը հանգստանա, ավարտվի երկրի բևեռացումն ու տեղի ունենա հասարակության առավելագույնս կոնսոլիդացում»,- ասել է Վրաստանի վարչապետը, ում խոսքերը մեջբերում է «Գրուզիա օնլայնը»: