ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանում ՌԴ հայ քաղաքացու ձերբակալման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի ձերբակալման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանը:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված, եւ արդեն մեկուկես ամիս է՝ տեղեկություն չունեն եղբորից: Ավելի վաղ նա նաեւ տեղեկացրել էր, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը չի այցելել ձերբակալվածին:

ՌԴ արտգործնախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Ռուսաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում:

«Մարատ Ուելդանով-Գալուստյանի, ինչպես նաեւ նմանատիպ այլ դեպքերում ձեռնարկում ենք միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից»,- ասված է տրամադրված պաշտոնական պարզաբանման մեջ:

Ադրբեջանում ՌԴ դեսպանության կողմից ձերբակալվածի քրոջը՝ Մարիանա Միրզոյանին հուլիսի 29-ին ուղարկված պատասխան նամակում, մասնավորապես նշված է, որ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչն այցելել է Մարատ Ուելդանով-Գալուստյանին:

«Ադրբեջանական կողմը մեր հարցմանն ի պատասխան տրամադրել է գործի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն: Հուլիսի 28-ին դեսպանության ներկայացուցիչն այցելել է Մարատ Ուելդանով-Գալուստյանին, որին, բացի 234.4.3 հոդվածից, այլ հոդվածով մեղադրանք չի առաջադրվել: Ներկայումս սկսվել են քննչական գործողությունները: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա շահերի պաշտպանության համար տրամադրվել է փաստաբան: Ադրբեջանական կողմի հետ կապված առարկություններ ունենալու հիմքեր չկան, չնայած, որ այն իրոք ձգձգել է պատասխանի տրամադրումը մեր հարցումներին»,- նշված է Մարիանա Միրզոյանին ուղղված նամակում, որտեղ նաեւ ասված է, որ դեսպանության ներկայացուցիչը Մարատ Ուելդանով-Գալուստյանին փոխանցել է քրոջ նամակը, այնուհետեւ ներկայացուցչի ներկայությամբ Ուելդանով-Գալուստյանը գրել է պատասխան նամակը:

«Արմենպրես»-ը կապ հաստատեց նաեւ ձերբակալվածի քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ, ով հաստատեց, որ ստացել է եղբոր նամակը:

«Եղբայրս գրել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ նա այլ կերպ գրել չէր էլ կարող: Երբ պետք է այս ամենն ավարտվի: Ցավալի է, որ ՌԴ դեսպանությունը նման կերպ է վարվում: Կրկին զանգահարել էի դեսպանատուն, ցանկանում էի խոսել եղբորս գործով զբաղվող ներկայացուցչի հետ, ինձ պատասխանեցին, որ նա գործուղման է մեկնել մինչեւ օգոստոսի 12-ը: Այն հարցին, թե ով է այժմ եղբորս գործով զբաղվում, ինձ չպատասխանեցին: Հարցրի, թե ում հետ եմ այդ պահին զրուցում, ինձ ասացին, որ չեն ներկայանում: Ես սարսափում եմ այն մտքից, թե ինչ կարող է պատահել Մարատի հետ այս ժամանակահատվածում»,-ասաց Մարիանա Միրզոյանը:

Քրոջ վրդովմունքն էր առաջացրել ավելի վաղ՝ հունիսի 29-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության՝ նրա հարցմանն ուղղված պատասխան նամակում տեղ գտած հետեւյալ արտահայտությունը.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս