
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակելու է պայքարը

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերին մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում քաղաքացիներից այն մասին, թե ինչ պետք է անել նման իրավիճակում:
Նախ, «Լուսավոր Հայաստան« կուսակցությունը հետևողականորեն զբաղվելու է վերջին օրերին Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ձերբակալությունների և կալանավորումների գործերով մանրակրկիտ ուսումնասիրմամբ և դրանց իրավական ու քաղաքական պատասխանատվության հարցի լուծման ուղղությամբ:
Միաժամանակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակելու է Հայաստանում ընտրությունների և քաղաքական նոր մշակույթի ձևավորման միջոցով դրական փոփոխությունների հասնելուն միտված իր պայքարը:
Մենք հավատում ենք այս ճանապարհով փոփոխությունների հասնելու գաղափարին և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր գաղափարներն ու մոտեցումները, ովքեր պատրաստ են սեփական գաղափարներն ու կամքը ներդնել Հայաստանի զարգացման հիմքում, հրավիրում ենք համագործակցության»: