Հովսեփ Խուրշուդյանին երկու ամսով կալանավորել են

Երեկ մոտ ժամը 04։00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Հովսեփ Խուրշուդյանին 2 ամսով կալանավորելու որոշումը։ Հսվսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի այս որոշումից անակնկալի չեն եկել, հասկանում էին, թե ինչ է տեղի ունենալու։ «Հովսեփն էլ էր հասկանում, որ իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում սուր քննադատության, հանրահավաքին մասնակցելու և այլնի համար։ Որևէ գործողության մասին խոսք չի կարող լինել, քանի որ նա այնտեղ որևէ մեկին մատով չի կպել, ինչպե՞ս կարող էր քարով կպնել»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Հովսեփ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝  զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ «Ձերբակալման արձանագրության մեջ շարադրվել էին ընդհանրական օրենսդրական ձևակերպումներ, ասել, թե դրանք հստակեցվեցին մեղադրանքի որոշման մեջ, այդպես չէ։ Ընդամենն ավելացավ, որ նա իբր թե քարով խփել է ոստիկանին»,- ասաց Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ կալանավորման որոշումը կբողոքարկի՝ ներպետական ատյանները սպառելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար։

Տեսանյութեր

Լրահոս