«Տղաները հասկացան, որ իրենց օգտագործում են ու շատ-շատերին ուղղակի իրենց մահն է պետք, դրա համար զենքը վայր դրեցին». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօրվա ասուլիսը նախ սկսեց նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևորմամբ. «Նախագահի կողմից հնչեցին լրագրողների հետ կապված մինչև այժմ աննախադեպ այն խոսքերը, որոնք վերաբերում էին ամսի 29-ին տեղի ունեցած դեպքերին: Անկախ գործող իշխանությունների, նախագահի, ուժային կառույցների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից՝ նրանք այս 15 օրերի ընթացքում օր ու գիշեր ամեն ինչ արեցին, որ արյունահեղություն չլինի»:

Այնուհետև նա առանձին-առանձին շնորհակալություն հայտնեց իր թվարկած անձանց՝ նշելով, որ «Սասնա ծռերի» տղաների կողմից որևէ զոհ չի եղել, բայց զոհեր եղել են ուժային կառույցներից: «Եվ լրագրողները, և շատ-շատերն այս գործընթացի մեջ տեսել են միայն սառցաբեկորի վերին մասը, իսկ այն տիտանական աշխատանքը, որ տարվել է բոլորի աչքից հեռու, ցավոք, շատերը չեն նկատել»,- ասաց նա՝ բարձր գնահատելով նաև գեներալ-մայոր, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի դերը բանակցություններում. «Այս ամբողջ գործընթացն ունեցավ երեք փուլ: Առաջին՝ երբ ամսի 17-ից հետո անմիջապես նախաձեռնվեց, որպեսզի ԱԺ-ում ներգրավված տարբեր կուսակցությունների ղեկավարները հավաքվեն՝ ընդհանրական որոշում կայացնեն ու փորձեն որպես միջնորդ հանդես գալ իշխանությունների ու այս տղաների միջև: Նախաձեռնողը ես եմ եղել, բայց, ցավոք, երբ որոշվել էր, որ ժամը 16:00-ին պետք է հավաքվենք, ինձ համար անհասկանալի պատճառներով՝ 15:45 շատ կուսակցություններ հրաժարվեցին այդ հավաքից, ու չկարողացանք կազմակերպել միջնորդական առաքելությունը: Գուցե չէին հավատում, որ ես կկապվեմ իշխանությունների հետ, ու նրանք կտան իրենց համաձայնությունը, որ այս գործընթացը սկսվի: Սկսվեց երկրորդ փուլը, երբ Վիտալի Բալասանյանը կամովի առաջարկեց իր միջնորդությունը: Այդ առաքելությունը հրաշալի ընթանում էր: Եթե չլինեին սադրիչ գործողությունները, ապա Վիտալի Բալասանյանի միջնորդությունը հաջողությամբ կավարտվեր հենց այդ փուլում, որի հետ կապված նախագահը հստակ հայտարարություն էր արել՝ ընդունել Սէֆիլյանին, իր հետ քննարկել տարբեր խնդիրներ, եթե տղաները կամովին զենքը վայր դնեն ու մտնեն օրինական դաշտ»:

Երրորդ փուլում արդեն, ըստ նրա՝ բավականին անհասկանալի գործողություններ էին կատարվում թե ՊՊԾ գնդում, թե դրսում. «Չկար ընդհանրական համաձայնություն, պարզ զգացվում էր, որ այս գործընթացը ղեկավարվում է ոչ ներսում գտնվող տղաների կողմից, ոչ էլ դրսում գտնվող նրանց կողմից, որոնք իրենց շատ ակտիվ են պահում: Այդ փուլում ես կոշտացրի իմ ելույթները՝ լավ հասկանալով, որ դա պոպուլյար չէ: Երրորդ փուլում առաջարկվեց Աշոտ Մինասյանի միջնորդությունը, որն ընդունելը կնշանակեր՝ Վիտալի Բալասանյանն իսկապես ստել է: Վերջին փուլում տղաները հասկացան, որ այլ ելք չկա, ու էլի պետք է մտնել բանակցությունների մեջ, որը ևս վարում էր Վիտալի Բալասանյանը: Տղաները հասկացան, որ իրենց օգտագործում են, ու շատ-շատերին ուղղակի իրենց մահն է պետք, որպեսզի գործընթացներն ունենան այլ շարունակություն, դրա համար զենքը վայր դրեցին»:

Հարցին՝ ովքե՞ր էին նրանց օգտագործում, նա, ըստ էության, չպատասխանեց. «Ես՝ որպես կուսակցության ղեկավար, որպես քաղաքագետ, իրավունք ունեմ ունենալու իմ սեփական վերլուծությունը, դրանք հայտնել հասարակությանը: Դա իմ սեփական վերլուծությունների արդյունքն է: Տարբեր զրույցներ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ: Տեսեք՝ ամենատարօրինակը՝ Արցախից խմբավորում բերելու մասին հայտարարությունները: Այն, ինչ անում են Հայաստանից, այն, ինչ անում է Արա Պապյանը, ինձ համար միանշանակ անհասկանալի ու անընդունելի է: Վահան Բադասյանը, որն ունի իմ ու Վիտալի Բալասանյանի հեռախոսահամարները, ԼՂՀ նախագահը հասանելի է բոլորի համար, եթե կա նման լուր, ոչ թե նա նման դիմումով պետք է հանդես գար, այլ պետք է կապվեր Բալասանյանի հետ, հարցը բանավոր տար ու ստանար պատասխանը: Ի՞նչ են ուզում դրանով անել՝ Արցախն ու Հայաստանը հակադրե՞լ իրար»:

Հարցին՝ ո՞ւմ մասին է խոսում, նա պատասխանեց. «Դուք այդ հայտարարությունները չե՞ք նայել: Չի կարելի, այս պայմաններում նման քայլի գնալը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Տղաներն էլ դա հասկացան: Ես որոշ դետալներ ուղղակի չեմ կարող բացել: Ես լավ պատկերացնում եմ, որ այն ուժերը, որոնք ունեին բավականին լուրջ ծրագիր, ու այդ ծրագիրը չիրականացավ, հիմա ինչ հոգեվարքի մեջ են»:

168.am-ի ճշտող հարցին՝ արտաքի՞ն, թե՞ ներքին ուժերի մասին է խոսում, նա պատասխանեց, որ խոսում է ներքին ուժերի մասին, որոնք բիզնես չունեն ու իրենց գումարները, ըստ նրա՝ գալիս են ոչ բիզնեսից, այլ դրսից:

Տեսանյութեր

Լրահոս