
ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորումը Հայաստանի իշխանությունների խոհեմ, հավասարակշիռ մոտեցման արդյունք էր. Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը համոված է, որ Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ,
համբերատար, հավասարակշիռ մոտեցման շնորհիվ:
Հայաստանի արտգործնախարարի հետ օգոստոսի 1ին կայացած հանդիպմանը, անդրադառնալով Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված խմբի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին իր խորը մտահոգությունն է հայտնել և
ցավակցել է Հայաստանի իշխանություններին երկու զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ Վրաստանը ողջունում է այն քայլերը, որոնց արդյունքում խնդիրը կարգավորվեց խաղաղ միջոցներով:
ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին ցավակցությունների և խաղաղ հանգուցալուծման ջանքերին աջակցության համար և ընդգծել, որ այդ կարգավորմանը հնարավոր է եղել հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման և ընդունված ճիշտ որոշումների շնորհիվ:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:
Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին:
Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը: Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել: