Բաժիններ՝

Եվրամիությունն անհանգստացած է «Թուրքական հոսքի» վերաբերյալ բանակցությունների վերսկսումից. Reuters

Մոսկվայի և Անկարայի հայտարարությունը «Թուրքական հոսք» նախագծի քննարկման հնարավոր վերսկսման վերաբերյալ անհանգստություն է առաջացնում Եվրամիությունում, գրում է Reuters-ը` հղում կատարելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրին:

Բրյուսելում ենթադրում են, որ նոր գազատարը կամրապնդի Մոսկվայի դիրքերը: Եվրոպացի դիվանագետները կարծում են, որ «Թուրքական հոսք» նախագծի գործարկումից հետո Ուկրաինան կզրկվի Եվրոպա գազ տարանցողի կարգավիճակից, կավելանա ԵՄ-ի կախվածությունը «Գազպրոմից», ընդ որում, Կասպյան տարածաշրջանից գազի այլընտրանքային մատարարարումները կփակվեն:

«Ռուսաստանի և Թուրքիայի նոր ընկերությունը կարող է խնդիր դառնալ, եթե Ռուսաստանը փորձի Ուկրաինային փոխարինել Թուրքիայով»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

Աղբյուրի խոսքով`Անկարան շահագրգիռ է Ռուսաստանից էժան գազի մատակարարմամբ, և հավանաբար, մի շարք խնդրահարույց պահանջներ կառաջադրի ԵՄ-ին:

Եվրամիությունում ուշադիր կհետևեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում կարող է համաձայնեցվել «Թուրքական հոսքի» վերաբերյալ գործարքը, նշում է գործակալությունը:

Ռուսաստանը 2014թ. դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից` հօգուտ «Թուրքական հոսքի», որը ենթադրում է Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով: Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015թ. նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս