«Նոր իշխանության ձևավորումն այլընտրանք չունի». Վարդան Օսկանյան

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին մենք ապրում էինք թերևս մեր նորագույն պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում կանգնած էր մեծ փորձության ու նոր իրականության առաջ:

Ցավոք, ունեցանք մարդկային կորուստներ: Ես ևս մեկ անգամ ցավակցում եմ զոհերի հարազատներին ու մտերիմներին։ Արագ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։

Բոլորիս ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ արյունահեղությունից, և դա առաջին հերթին հասարակության հստակ պահանջի և «Սասնա ծռերի» խոհեմ ու խիզախ որոշման արդյունքն էր:

Դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին, բայց երկու բան ակնհայտ է՝

1. Այս երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցող զարգացումները արտացոլումն էին տարիներ շարունակ հայ ժողովրդի մոտ կուտակված հիասթափության, անելանելիության, հուսալքության և դժգոհության, ինչպես նաև խորացող չքավորության։

2. Այսպես այլևս հնարավոր չէ կառավարել մեր երկիրը, ուստի անհրաժեշտ են խորքային փոփոխություններ։

Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ՝ նոր, լեգիտիմ և գործունակ իշխանություն ձևավորելու նպատակով:

Նոր իշխանության ձևավորումն այլընտրանք չունի. այսօր դա արդեն պարզ է բոլորին, և այդ գործին մասնակից պետք է լինեն իրական փոփոխությունների ձգտող կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները և անհատները: Սա՛ է ժողովրդի պահանջը, և սա՛ է միակ հնարավորությունը` խաղաղ և զարգացող Հայաստան ունենալու:

ՀՀ քաղաքացին ուզում է ապրել անվտանգ, բարեկեցիկ և արդար երկրում: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ պատրաստ է ժողովրդին առաջարկել այդ քաղաքական փոփոխություններին միտված գործընթացի ճանապարհային քարտեզը։

Ես կարևորում եմ նաև Սփյուռքի ներուժի ներգրավումը հայաստանյան փոփոխություններին: Հայաստանի ժողովուրդը կարիք ունի աջակցության, և մենք այն անպայման կստանանք:

Այս փուլում կարևորում եմ նաև մի քանի հրատապ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է ուղղված լինեն մեր ջանքերը:
Մենք պետք է շատ արագ հասնենք վերջին օրերի խաղաղ հավաքների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակմանը` Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեք Ենիգոմշյանի և մյուսների:

Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն խաղաղ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հանգամանքները բացահայտելուն։

Մենք պետք է հասնենք նրան, որ պատժվեն լրագրողների նկատմամբ ցուցադրական և քստմնելի հարձակումների բոլոր կազմակերպիչներն ու կատարողները:
Ես հիմա, առավել քան երբևէ, համոզված եմ, որ քաղաքական կամքի դրսևորման, նեղ անձնական շահերից վեր կանգնելու և համախմբման միջոցով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների»։

Տեսանյութեր

Լրահոս