Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. նա կկալանավորվի՞
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։ Դավիթ Սանասարյանը մեղադրանքը չի ընդունում։ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեում հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այդ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Հովսեփ Խուրշուդյանը։