Դունյա Միյատովիչը կոչ է անում Հայաստանում ապահովել լրագրողների պաշտպանությունը
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ՀՀ արտաքին գործերի նախարարից ակնկալում է հաստատում, որ Հայաստանում քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ լրագրողները պաշտպանված կլինեն: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, Միյատովիչը նամակ է գրել ՀՀ արտ աքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` նշելով, որ. «կառավարությունը պետք է կատարի գործնական քայլեր իրավապահ մարմինների գործողություններում ապահովելու զսպվածություն լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ և առաջարկելու քայլեր, որոնք պետք է ներկայացվեն իշխանությունների կողմից որպես երաշխիք, որ լրագրողները ոստիկանների կամ խուժանի թիրախ չեն դառնա: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և մեդիայի ներկայացուցիչներին»:
«Ըստ որոշ հրապարակումների՝ հուլիսի 29-ին լրատվամիջոցները լուսաբանել են Սարի թաղում ցուցարարներին ցրելը և այլ իրադարձությունների, որոնց ընթացքում ենթարկվել են հարձակման, ծեծվել են, ինչպես նաև վնասվել է տեխնիկան: Որո դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ»,- շեշտել է Դունյա Միյատովիչը:
Տուժել են լրագրողներ և օպերատորներ Աղվան Ասոյանը, Ալբերտ Գալստյանը, Մարիամ Գրիգորյանն ու Դավիթ Հարությունյանը, Կառլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը, Գարիկ Հարությունյանը, Ռոբերտ Անանյանը, Տիգրան Բադալյանը, Մարութ Վանյանը, Սարգիս Խարազյանը, Մկրտիչ Կարապետյանը, Հովիկ Գրիգորյանը, Տիգրան Գասպարյանը:
Միյատովիչը նամակում նաև նշել է հուլիսի 21-ի բախումների ժամանակ տուժած լրագրողների` Գևորգ Թոսունյանի, Արտակ Համբարձումյանի, Արթուր Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի անունները: