Բաժիններ՝

Ավետիք Իշխանյանը լրագրողներին առաջարկում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

«Ես ներողություն եմ խնդրում, որ տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների կամ լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ քաղաքական համակարգը ներկայացրել եմ ոչ բռնապետական, իհարկե, նաև ոչ դեմոկրատական, այլ ավտորիտար. պարզվեց՝ սխալվում եմ, որովհետև մենք գործ ունենք բռնապետական, ոստիկանական համակարգի հետ»,- խոսելով հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ընդգծելով, որ այդ ամենը շատ լավ արտացոլվեց այս վերջին օրերին:

Նա անհարմար է զգում, որ 25 տարիների ընթացքում «մենք քաղաքացիների համար ունեցանք ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ՝ ոստիկանապետություն, որտեղ իշխողը մի փոքր վերնախավ է, և մնացած բոլորը պետք է հպատակներ լինեն».

«Անկեղծ ասած, ես շատ ընկճված եմ ու չգիտեմ՝ ի՞նչ ասեմ: Ես առանց դատավարության կարող եմ ասել՝ որ հոդվածներն են խախտվել. խախտվել է կյանքի իրավունքի հոդվածը, բոլորի կյանքի իրավունքը վտանգված էր այս օրերին: Երկրորդ՝ խոշտանգումների արգելումը, համատարած խոշտանգումներ էին գնում: 5-րդ հոդված՝ ազատության և անձեռնմխելիության իրավունքի, կոպտորեն խախտված էր համատարած, մարդկանց ինչ ձևով ասես բռնում էին ու տանում էին անհայտ վայր, և բազմաթիվ այլ հոդվածներ»:

Ա. Իշխանյանը կարծում է՝ այսօր քաղբանտարկյալների թիվն ավելացավ. «Հիմա ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ՝ հանձինս Եղիշե Պետրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի: Մենք հետամնաց բռնապետական պետություն ենք, այս երկիրը չգիտեմ՝ ում համար է»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ «տեռորիզմ» որակեց այն, ինչը կատարվում է տուժած, ոտքը կապած լրագրողի հետ: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ոստիկանության գործողությունների արդյունքում տուժած 1in.am կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանը պատմել էր, որ Քննչական կոմիտեում գործ է հարուցվել, որում ինքը ներգրավված է ոչ թե՝ որպես տուժող կողմ, այլ՝ վկա:

Ա. Մելիքյանը սա համարում է ահաբեկչություն լրագրողի նկատմամբ. «Լրագրողական հանրությունը պետք է բոյկոտի քննչական և իրավապահ մարմիններին այնքան ժամանակ, մինչև լրագրողական գործը չհետաքննվի, բոլոր մեղավորները չպատժվեն»:

Ըստ Ա. Մելիքյանի՝ լրագրողներն իրավապահ մարմինների համար դարձել են թիրախ, ու դա այնքան ժամանակ է շարունակվելու, ինչքան իշխող քաղաքական վերնախավը խրախուսում է այդ ամենը:

Ա. Իշխանյանն էլ առաջարկեց, որ այն լրագրողները, ովքեր համաձայն են, պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Անիմաստ է այստեղ քաշքշուկների մեջ ընկնել, անցյալ տարվա փորձից դա պարզ է»:

«Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ նախագահ Սուրեն Դեհերյանն էլ ասում է, որ տեսանյութերում, ձայնագրություններում հստակ երևում է Ոստիկանության կողմից հնչեցված արտահայտությունները՝ լրագրողների նկատմամբ. «Այսինքն՝ մենք տեսնում ենք, թե վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ ինչպիսին է և ուղղորդված, գիտակցաբար արվում է հենց ուղիղ եթերի առաջ, որ վախ տարածվի լրագրողական համայնքի շրջանակներում, որպեսզի մյուս անգամ գուցե ավելի քիչ կազմով կամ միգուցե ավելի խուսափողական մոտեցում լինի լրագրողների կողմից: Բայց ես համոզված եմ, որ այդպես չէ, մենք տեսնում ենք, որ նույն լրագրողները շարունակում են իրենց գործունեությունն իրականացնել ու ավելի պրոֆեսիոնալ ձևով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս