Բաժիններ՝

«Այ խեղճեր (գուցէ և ծախուածներ), դուք ձեր ցածր որակներով պէ՞տք եք Տիգրան Խզմալեանին, որ նա էլ մտածի ձեզ լսելի լինելու մասին». Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատահական կարդացի, որ ինչ-որ մարդիկ այսօր խօսել են Տիգրան Խզմալեանին բոյկոտելու մասին։ Նախ ծիծաղ առաջացրեց. «Ի՞նչ բոլկոտի մասին է խօսքը. նրա ֆիլմե՞րը չեք նայելու, թէ՞ ելոյթը չեք լսելու»։

Յիշեցի, երբ մի հիսուն տարի առաջ Զարթօնք թերթի լրագրողը հռետորական հարց էր ուղղել նրանց ովքեր պայքարում էին կանանց իրաւահաւասարութեան եւ կրծկալներ չկրելու իրաւունքի համար։ Նա գրում էր՝ «Եղբայր, բայց կա՞յ օրէնք, որ կանանց պարտադրում է կրծկալ կրել, որի դէմ էլ պայքարել է պէտք»։

Հիմա ինձ մօտ է հարց ծագում՝ Եւրոպական արժեքային համակարգի սկզբունքային հետեւորդ Տիգրան Խզմալեանը որեւէ մէկի պարտադրո՞ւմ է դիտել իր շարժանկարները կամ անպայման լսել իրեն, որ ինչ-որ դժբախտներ էլ համարձակւում են խօսել դրա դէմ։ Կամ, այ խեղճեր (գուցէ եւ ծախուածներ), դուք ձեր ցածր որակներով պէ՞տք եք Տիգրան Խզմալեանին, որ նա էլ մտածի ձեզ լսելի լինելու մասին։ Թէ՞ յոյսներդ դրել եք այն բանի վրայ, որ նա կարող է մոռացած լինել «խոզերի առաջ մարգարիտներ շաղ մի տուեք» պատգամը…

Տիգրան Խզմալեանը երեկ ասպարէզ իջաւ, երբ լսեց «Սասնայ ծռեր»-ի արտայայտած եւ վաղուց նաեւ իր շուրթերից հնչած եւ լայնօրէն մատուցուած պատկերացումներին համահունչ «Հայաստանի ապագաղութացման համար» պայքարելու ուղերձի մասին։

Այսինքն՝ նա խօսեց, որովհետեւ «Սասնայ ծռեր»-ի պատասխանատուն հնչեցրեց բոլոր առողջ հայերին, նաեւ իրեն հոգեհարազատ մտքեր։ «Սասնայ ծռերին» բարոյապէս աջակցելու համար հաւաքուածների մէջ բնականաբար Տիգրան Խզմալեանին չընդունող չէր կարող լինել։ Նշանակում է գործուղուած թափթփուկներ կան, որոնք քանակ չեն կազմում, բայց բաւարար են կեղտոտ ճանճի պէս արդար կաթի տպաւորութիւնը փչացնելու համար։

Ուշադրութիւն դարձնենք նաեւ հարցի իրաւական կողմի վրայ. «Այսինչ մարդը պիտի չխօսի» արտայայտութիւնը մարդու իրաւունքների եւ խօսքի իրաւունքի, ազատութեան կոպիտ խախտում է։ Սրանք հաւանաբար ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՒԻՍՏ-ի անուան տակ իրենց մէջ գցող «ակ-ծիւ-ծիւ-իստիկ»-ներից են, որ եւ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՒԻՍՏ- հասկացութիւնն են փորձում արժեզրկել եւ իրենց տէրերից ստացած հրամանով՝ ընդհանուր մթնոլորտն են ուզում պղտորել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս