Նախարարությունը` Խանդոյանների ընտանիքին թոշակից և նպաստից զրկելու լուրերի մասին

Ի պատասխան լրատվական կայքերից մեկում 30.07.2016թ. տեղադրված ««Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են թոշակից և նպաստից» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ Ռիմա Խանդոյանը օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ.-ի հուլիս ամսվա տարքիային աշխատանքային կենսաթոշակը և զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգևավճար:

Օգոստոս ամսվա կենսաթոշակի և պարգևավճարի վճարումը օրենքով սահմանված կարգով կիրականացվի առաջիկա օրերին: ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Ռիմա Խանդոյանն իր որդու՝ Արմեն Եզնակի Խանդոյանի հետ հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: 2014թ. փետրվար ամսին ընտանիքի անապահովության միավորը կազմել է 26.89-ը, որը ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված ընտանեկան նպաստի իրավունք տվող 30.00 միավորից:

Հաշվի առնելով Խանդոյանների ընտանիքի սոցիալական վիճակը՝ ընտանիքին պարբերաբար նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն 2014թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2015թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար, 2016թ.՝ 2-րդ եռամսյակի ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար: Եռամսյակային հրատապ օգնության նշանակման հարցը քննարկվում է սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար` ընտանիքի դիմելու դեպքում: Խանդոյանների ընտանիքի` համակարգում փաստագրման ժամկետը լրացել է 2016թ. հունիսի 29-ին:

Սոցիալական աջակցության որևէ ծրագրից օգտվելու համար Խանդոյանների ընտանիքը հունիս ամսին պարտադիր պետք է դիմեր սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ներկայացներ համապատասխան տվյալներ, ինչը չի արել: Հավելենք, որ 29.07.2016թ. տիկին Ռիմա Խանդոյանը այցելել է սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ստացել ընտանիքին հասանելիք թվային հեռուստատեսային ընդունիչ սարքը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս