Բաժիններ՝

«Հայ ժողովուրդը կշարունակի սկսածը». Gazeta.ru

Զինված խմբի բոլոր անդամները, ովքեր գրավել էին Երևանում ոստիկանական գունդը, հանձնվել են իշխանություններին: Ապստամբներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ արդեն վառել են կայծը, որը, նրանց կարծիքով, երկրում կվառի ժողովրդական զայրույթի կրակը: Երկշաբաթյա ապստամբության պատճառը դարձան լուրերն այն մասին, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստվում են «հանձնել» Լեռնային Ղարաբաղը, գրում է Gazeta-ն իր վերլուծականում` անդրադառնալով երևանյան իրադարձությունների հանգուցալուծմանը:

Ավելի քան երկու շաբաթ 31 մարդուց բաղկացած զինված խումբը լարվածության մեջ էր պահում ողջ քաղաքը: Այդ ընթացքում ապստամբների հետ բանակցություններ էին վարում, սակայն դրա ղեկավարները հրաժարվում էին ենթարկվել: Նրանք պատանդառել էին իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, իսկ հետո նաև՝ շտապօգնության 2 բրիգադի բուժաշխատողներին:

Ազգային անվտանգության ծառայությունն աստիճանաբար շարքից հանում էր խմբի անդամներին:

Իշխանություններին հանձնվելուց մեկ օր առաջ վիրավորվել և հիվանդանոց էր տեղափոխվել խմբի 9 անդամ, իսկ 2-ը ինքնակամ դուրս էին եկել գնդի տարածքից և հանձնվել իշխանություններին: Գնդի գրավման առաջին օրերից Երևանում շարունակվում էին զինված խմբի կողմնակիցների տարերային միտինգները, որոնք արդարացնում էին նրանց գործողությունները: Ոստիկանության հետ բախումների հետևանքով տասնյակ մարդիկ էին վիրավորվել, հարյուրավոր մարդիկ հայտնվել էին ոստիկանական բաժանմունքներում:

Հուլիսի 30-ին ԱԱԾ-ն արեց վերջին նախազգուշացումը` խմբի ապստամբներից պահանջելով վայր դնել զենքերն ու հանձնվել: Պահանջները չկատարելու դեպքում նրանք խոստանում էին ձեռնարկել կոշտ միջոցառումներ, ընդհուպ՝ մինչև գրավված տարածքի գրոհ, սակայն կտրուկ գործողությունների չդիմեցին:

ԱԱԾ-ի պահանջած ժամին հայտնի դարձավ, որ սպանվել է ևս մեկ ոստիկան` Յուրի Տեփանոսյանը: Ավելի ուշ Հայաստանի մամուլի քարտուղարը պատմեց, որ վերջինս գտնվել է ծառայողական մեքենայում` գնդից 350-400 մետր հեռավորության վրա, և նրա վրա կրակել է դիպուկահարը:

ԶԼՄ-ներում, սակայն, տեղեկություն էր շրջանառվում, որ նրա վրա խմբի անդամները չեն կրակել: Ի պատասխան` Ոստիկանությունը տարածեց լուսանկարներ` մանրամասն ներկայացնելով գրաված շենքերից մեկի տանիքներից երևացող դիպուկահարի լուսանկարը, սակայն դա քչերին համոզեց: Սոցցանցերում գրեցին, թե կադրը մշակված է ֆոտոշոփով, իսկ զինված խմբի ղեկավար Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ ոստիկանների վրա իրենք չեն կրակել:

Շաբաթ օրը երեկոյան Ազատության հրապարակում սկսվեց տարերային միտինգ, որին մասնակցում էր մոտ 1500 մարդ, դրան չէր մասնակցում հայկական ընդդիմության ոչ մի ղեկավար:

Ցուցարարները երթով շարժվեցին նախագահական նստավայրի ուղղությամբ, սակայն Ոստիկանությունը փակել էր ճանապարհը:

Միտինգի ժամանակ մասնակիցներից մեկն ինքնահրկիզման փորձ արեց, որը մասնակիցներն իրենց ուժերով հանգցրեցին: Նա հիվանդանոց ուղևորվեց տաքսիով: Ավելի ուշ հայտնի դարձով, որ նրա անունը Քաջիկ Գրիգորյան է, ծնված 1958թ.:

Նա բնակվել է հին Երևանի փողոցներից մեկում և փոխհատուցում էր պահանջում իր տունը քանդելու դիմաց, քաղաքական պահանջներ նա չի ունեցել: Գրիգորյանը 13 անգամ դատապարտվել է թմրանյութերի առևտրի, գողության և խուլիգանության համար:
Կիրակի հայտնի դարձավ, որ ոստիկանական շենքը գրաված անձինք ազատ են արձակել պատանդառված 2 բժիշկներին: Այնուհետ գնդի տարածքից հրազենային վնավածքով հիվանդանոց տեղափոխվեց խմբավորման 1 անդամ, ևս 2-ը հանձնվեցին կեսօրին: Նրանց խոսքով` ևս 3 անդամ է ցանկացել հանձնվել, սակայն նրանց դա թույլ չեն տվել:

Կիրակի օրը կալանավորվեց ոստիկանների կողմից վիրավորված՝ Ղարաբաղի պատերազմի հերոս Պավլիկ Մանուկյանը, ում պատգարակով դատարան տարան հիվանդանոցից: Դատարանը նրան երկու ամսով կալանավորեց, Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նրա փաստաբանը դատարանի որոշումն անօրինական է համարում:
Իսկ նույն օրը երեկոյան իրենց «Սասնա ծռեր» անվանող խմբի առաջնորդներից մեկը (նկատի ունի Վարուժան Ավետիսյանին) տեղի հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնեց զենքերը վայր դնելու և հանձնվելու պատրաստակամության մասին:

«Մենք ընդամենը կայծ ենք, հայ ժողովուրդը կշարունակի սկսածը»,- հայտարարել է նա:
Նշվում է, որ այդ ողջ ժամանակ չեն դադարել բանակցությունները, որոնք վարել է ԼՂՀ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Ոստիկանական շենքի զինված գրավումը, ըստ «Սասնա ծռերի»՝ հարկավոր է եղել Ժիրայր Սէֆիլյանին ազատելու և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի համար:

Սարգսյանին մեղադրել են նրանում, որ երկիրը ճգնաժամի մեջ է, և, որ նա ցանկանում է Ղարաբաղի տարածքները հանձնել Ադրբեջանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս