Արմեն Ռուստամյան. «Որևէ հաշվեհարդար չպետք է իրականացվի այդ անձանց նկատմամբ»
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Երկիր Մեդիայի» խնդրանքով մեկնաբանել է զինյալների կողմից զենքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծված իրավիճակը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մենք ողջունում ենք հանձնվելու մասին զինված խմբի որոշումը, քանի որ դա միակ ճանապարհն էր նոր զոհերից խուսափելու եւ արյունահեղությունը բացառելու համար: Եվ, բնականաբար, մեր հիմնական հարցն այն էր, որ կարողանայինք հենց այս հանգուցալուծմանը հասնել: Ես դա համարում եմ նաեւ 2 կողմերի ողջախոհության արդյունք, որովհետեւ այն, ինչ իշխանությունները համբերատարությամբ արեցին հետեւելով գործընթացին, նույնպես նպաստեց դրան:
Նաեւ այն, որ զինված խմբի անդամները, իսկապես հասկանալով եւ լինելով իրենց երկրի հայրենասերը, եւ ընկալելով, որ այս ամենը կարող է բերել նոր զոհերի, ոչ մի բան ավելին չարժե, քան այն, որ կանխվեն նոր զոհաբերությունները եւ նոր արյունահեղությունը: Սա իսկապես գնահատելի է, եւ այս իրավիճակում, բնականաբար, գլխավոր հարցը մնում է հետեւյալը. մնացած առումներով գործընթացը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, որի մասին մենք հայտարարել էինք: Որեւէ հաշվեհարդար չպետք է իրականացվի այդ անձանց նկատմամբ: Մենք պետք է հետեւենք, եւ հասարակությունն էլ դա պետք է անի, որ իսկապես օրինական եւ ամենամեղմ տրամաբանությամբ մեղադրանքները, որ ներկայացվելու են կապված որոշակի հանցագործությունների հետ, որոնք անհերքելի են, բայց մնացած խնդիրները, որոնք թույլ են տալիս, նաեւ օրենսդրությունն է թույլ տալիս, որ ամենամեղմ կերպով վերաբերվեն կատարվածին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: