«Իրադարձությունների զարգացման ոչ մի սցենարի պարագայում Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին». Ալեքսանդր Կռիլով

168.am-ը Երևանում ստեղծված իրավիճակի մասին զրույցեց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի հետ

– Պարոն Կռիլով, երկու օր առաջ ՀՀ Ոստիկանությունը մի քանի զգուշացումներից հետո Սարի թաղում հատուկ միջոցներ կիրառեց ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբավորման երթի դուրս եկած մասնակիցների դեմ, որի հետևանքով մի շարք լրագրողներ ևս տուժեցին: ՊՊԾ գնդի գրավումից հետո ունենք երկու զոհ: Ինչպե՞ս եք գնահատում Երևանում զարգացող իրադարձությունները և իշխանությունների գործողությունները ՊՊԾ գնդի գրավումից հետո: Որքանո՞վ են այդ գործողությունները, Ձեր գնահատմամբ, համարժեք ստեղծված իրավիճակին:

– Իրադարձությունները ձգվում են արդեն երկու շաբաթ: ՀՀ ներկայիս իշխանությունների տեսանկյունից՝ սա իշխանափոխության փորձ է՝ բռնի ուժի կիրառմամբ, և զինված ապստամբություն: Ընդդիմադիր ուժերի և իշխանությունների քաղաքականությունը չընդունող քաղաքացիների տեսանկյունից՝ ապստամբներն իդեալիստներ ու հեղափոխականներ են: Եթե հաղթի իշխանությունը, նրանք պատմության մեջ կմնան՝ որպես ապստամբներ, եթե իշխանությունը փոխվի՝ հերոսներ: Իրադարձությունների պատճառը ներքին մի շարք խնդիրներն են և իրավիճակի վրա արտաքին ուժերի ազդեցությունը: Ակնհայտ է, որ արտաքին ուժերը սուր ճնշումների են ենթարկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որի մասին փաստում են եվրոատլանտյան հանրության ներկայացուցիչների կոչերը՝ լուծել ստեղծված կոնֆլիկտը բացառապես խաղաղ կերպով: Այնինչ, միայն ոչ մեծ զինված խմբի գործունեության հետևանքով իշխանությունը չի պատրաստվում կապիտուլյացիայի ենթարկվել, իսկ նախագահը՝ հրաժարականի դիմել: Դա կարող է տեղի ունենալ միայն Երևանում մասսայական բողոքի ակցիաների ազդեցության ներքո: Ապստամբների նպատակը Երևանում սոցիալական պայթյուն հրահրելն է:
Չնայած որոշակի հասարակական աջակցությանը, դա նրանց չի հաջողվում, մասշտաբային ընդդիմադիր ակցիաներն ակնհայտորեն բավարար չեն, որպեսզի իշխանությունն ընկնի: Տեղի ունեցողը փաստում է իշխանության ճգնաժամի մասին, իշխանությունն ի վիճակի չէ լուծել հասարակության հիմնական խնդիրները: Սակայն դա չի կարող արդարացնել զինված ապստամբությունը, որն էլ ավելի է խորացնում հայ հասարակության ներսում առաջացած պառակտվածությունը և բարդացնում Հայաստանի դրությունը միջազգային թատերաբեմում: Իշխանության փոփոխությունը հեղափոխական ճանապարհով կարող է հանգեցնել պատմական բեկման: Ներքին վեճերն ու տարաձայնություններն են մոտեցրել կառավարության վախճանը: Դրա մասին է փաստում Հայաստանի Հանրապետության պատմությունը ևս:

– Տեղեկատվություն եղավ այն մասին, որ երևանյան իրադարձությունները ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում են քննարկվել: Ինչո՞ւ: Որքանո՞վ են տեղի ունեցող զարգացումներն անհանգստացնում Ռուսաստանի իշխանություններին:

– Հայաստանում ստեղծված իրավիճակը Ռուսաստանում մեծ անհանգստություն է հարուցել: Իրադարձությունների զարգացման ոչ մի սցենարի դեպքում Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Մոսկվան կառուցում է իր հարաբերություններն այլ երկրների հետ՝ պաշտոնական իշխանությունների հետ համագործակցության միջոցով, հենց այդ պատճառով արմատական ընդդիմության հետ որևէ կապ չունի, ուստի ներկայիս իշխանությունների հակառակորդների վրա ազդելու հնարավորություն չունի: Նման կապեր ու հնարավորություններ ունի ԱՄՆ դեսպանատունը, այնինչ կոնֆլիկտի շուտափույթ դադարեցման ուղղությամբ որևէ տեսակի ակտիվություն չի նկատվում: Վստահ եմ, որ հակամարտությունն արագ կերպով կկարգավորվի, եթե ամերիկացիները տեղի ունեցողից օգուտ ստանան: Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումներն ու գալիք խորհրդարանական ընտրությունները՝ ԱՄՆ դեսպանատան համար տրամաբանական կլիներ փորձել Հայաստանի խորհրդարանում եվրոատլանտյան ընտրության կողմնակիցների համար մեծամասնություն ապահովել: Դա թույլ կտա վերակենդանացնել Հարավային Կովկասի բոլոր երկրներին միաժամանակ ՆԱՏՕ-ին միացնելու հին գաղափարը՝ վերածելով տարածաշրջանը «հավաքական Կոսովոյի»:

Ամերիկյան քաղաքական գործիչների այն հայտարարությունների ֆոնին, թե Ռուսաստանն ԱՄՆ-ի համար սպառնալիք ու թշնամի է, տրամաբանական կլիներ, եթե նա գործեր հենց այս ուղղությամբ: Իրադարձությունների նման զարգացումը կարո՞ղ է ձեռնտու լինել Հայաստանին, կապահովի՞ ավելի հաջող զարգացում: Կասկածում եմ: Կիսաճանաչված Կոսովոյում սոցիալ-տնտեսական իրավիճակը ծանր է մնում, յուրաքանչյուր ընտանիք ձգտում է, որպեսզի գոնե ընտանիքի մեկ անդամ աշխատի արտասահմանում: Բնակչության էական հատվածն ապրում է միգրանտների տրանսֆերների հաշվին: Անվտանգության տեսանկյունից՝ իրավիճակը շատ ավելի բարդ է:

Երևանում տեղի ունեցողը կարող է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում և ողջ տարածաշրջանում: Ակնհայտ է, որ դա հակասում է Ռուսաստանի հետաքրքրություններին, ստիպում է նրան փնտրել անվտանգության նոր մարտահրավերների «պատասխանները»: Մոսկվան կարծում է, որ ահաբեկչությունն ու բռնությունն իշխանություն փոխելու համար անընդունելի են, դրանք կարող են հանգեցնել Հայաստանի համար ողբերգական հետևանքների:

Ռուսաստանի համար ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենալավ տարբերակը քաղաքական իրավիճակի վերադարձն է սահմանադրական դաշտ՝ արմատական բարեփոխումների իրականացման հեռանկարով, որոնք կապահովեն իշխանությունների գործունակությունն ու բարոյական ինքնամաքրումը, Հայաստանի հաջող սոցիալ-տնտեսական զարգացումը և ՀՀ քաղաքացիների համար սոցիալական հեռանկարները: Հակառակ դեպքում՝ իրավիճակը գուցե գնա «լիբիականացման» ճանապարհով՝ անվերջ ներքին պատերազմներ և փաստացի երկրի մասնատում մի քանի մասերի վերահսկվող ընդդիմացող խմբավորումների կողմից:

– Պարոն Կռիլով, քանի որ հղում կատարեցիք ամերիկյան գործոնին, Հայաստանում քննարկվում է ռուսական գործոնը ևս: Կա վարկած, որ Ռուսաստանը ճնշում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս տարածքների հանձնման հարցում համաձայնություն տա, քանի որ բանակցային սեղանին կարգավորման ռուսական ծրագրերն են, հատկապես, երբ Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու փուլում է գտնվում: Այս մասի՞ն ինչ եք կարծում:

– Այսինքն՝ Ռուսաստա՞նն է կանգնած ներկայիս զինված գործողությունների ետևում և այդպես փորձում է ճնշել Սարգսյանին Ղարաբաղի հարցո՞ւմ: Բայց այդ գործողությունների նպատակը բացարձակապես այլ է, զինյալների գլխավոր կարգախոսները հետևյալն են՝ Սերժ Սարգսյանի հրաժարական և Ղարաբաղի պաշտպանություն: Եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, և երկիրն ընթանա եվրոատլանտյան ուղով, ո՞րն է Մոսկվայի օգուտն այստեղ: Դրանք բոլորը պատրանքների ոլորտից են կամ էլ ինչ-որ մեկի կողմից միտումնավոր շրջանառության մեջ դրվող սպեկուլյացիաներ: Հայաստանի ապակայունացումը՝ Հայաստանի, որը ՀԱՊԿ անդամ է, ԵՏՄ-ի անդամ է, տարածաշրջանում Ռուսաստանի գործընկերը, բացարձակապես չի բխում Ռուսաստանի շահերից: Ռուսաստանն իսկապես ձգտում է պահպանել նորմալ հարաբերություններ ինչպես՝ Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի հետ: Այս երկրների հետ Ռուսաստանի գործընկեր Հայաստանի հարաբերությունները կոնֆլիկտային են, նույնիսկ պատերազմի շեմին՝ նրանցից մեկի հետ: Հայաստանում այս հանգամանքն անհանգստությունների ու չհասկացվածության հիմք է դառնում: Ընդ որում, Ռուսաստանն ու Հայաստանն անկախ երկրներ են, նրանց շահերը մոտ են, բայց դրանք չեն կարող լինել բացարձակապես նույնը: Միևնույն շահերն ունենալու համար պետք է գտնվել միևնույն երկրի շրջանակում: Ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում ոչ մեկը չի պատրաստվում հրաժարվել իր պետական անկախությունից: Մեր հարաբերությունները զարգանում են ԵՏՄ ինտեգրացիոն կառույցի և ընդհանուր պաշտպանության համաձայնագրի շրջանակում:

Ինչ վերաբերում է երկու, հինգ շրջանների կամ Ղարաբաղի հանձնմանը, ապա իրականում չկա «Լավրովի» կամ որևէ նման այլ ծրագիր: Բանակցային գործընթացը վաղուց փակուղում է: Գիտակցելով, որ տեսանելի ապագայում խաղաղ կարգավորում չի դիտարկվում, գործընթացի մասնակիցները նախընտրում են ակտիվություն ցուցաբերել, որպեսզի պահեն իրավիճակն իրենց սեփական վերահսկողության տակ՝ թույլ չտալով նոր պատերազմի բռնկում: Բոլորը ժամանակ են երկարաձգում ու սպասում, թե երբ ներկայիս փակուղային իրավիճակը կփոխվի այնպես, որ կբացի նոր հնարավորություններ խաղաղ կամ ռազմական կարգավորման համար: Նման արմատական փոփոխությունների շարքին են դասվում այնպիսի վերադասավորումները, որոնք կարող են փոխել ուժերի ներկայիս հավասարակշռությունը, օրինակ՝ ԻՊ-ի գործունեության տարածումը տարածաշրջանում, տարածաշրջանի սահմաններին տիրող իրավիճակի ապակայունացումը, ինչպես նաև՝ իրավիճակների ապակայունացումը հենց Հայաստանում և Ադրբեջանում, ինչի ականատեսն ենք մենք Երևանում: Ներկայիս իրադարձությունների ելքը կհստակեցնի ոչ միայն՝ Հայաստանի ապագա հեռանկարները, այլև այն, թե ինչ նոր հնարավորություններ տարածաշրջանում կստանան Բաքուն ու Անկարան:

Տեսանյութեր

Լրահոս