«Ես չեմ ասել, թե ոստիկաններն են կրակել եղբորս». Դավիթ Կադաևչյանը նոր գրառում է կատարել
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Կադաևչյանը, ով ներկայացել էր՝ որպես սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հորաքրոջ տղա, ժամեր առաջ գրառում էր կատարել, թե դեպքերը սկսելու առաջին օրվանից Տեփանոսյանն արձակուրդ էր դասավորել, որպեսզի չմասնակցի, բայց հետ էին կանչել արձակուրդից: «Պիտի իջեցնեին՝ մարդկանց առաջ կենդանի պատի մաս կազմեր, չհնազանդվեց: Դասավորեց՝ ինչքան հնարավոր ա հեռու լինի էպիկենտրոնից: Ասում էր, եթե հրամայեն էլ՝ գնա ցույցի դիմաց կանգնի, դուրս կգա աշխատանքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել էր Կադաևչյանը:
Նրա գրառմանը պատասխանել էր ՀՀ ոստիկանության Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, մասնավորապես հայտարարելով. «Համացանցում որոշ մանկամիտներ տեղեկություն են տարածել, թե երեկ սպանված զինծառայողի քեռու տղան ասել է, որ նա չէր ուզում ծառայել: Յուրի Տեփանոսյանն իրականում քեռի ունի, բայց նրա քեռին որդի չունի: Լրատվամիջոցներին, սոցցանցի իրական օգտատերերին կոչ եմ անում անհեթեթ տեղեկություններ չտարածել»:
Իսկ մոտ 1 ժամ առաջ Դավիթ Կադաևչյանը՝ ֆեյսբուքյան էջում ջնջելով իր նախորդ գրառումը, նոր գրառում է կատարել, որում ասվում է.
«Մի բան էլ եմ ուզում ասել: Գրառումս վերաբերում էր էն «մարդկանց», ովքեր ուրախանում էին Յուրայի մահով: Ես չեմ ասել, թե ոստիկաններն են կրակել եղբորս: Ես չեմ ասել, թե չէր ուզում ծառայել ոստիկանության զորքերում: Մի պղծեք միտքս ու դրանով իսկ մի ստորացրեք ինքներդ ձեզ: Մի փորձեք մահվան հանգամանքն օգտագործելով՝ ձեզ անհրաժեշտ կեղծ մեսիջը տարածել»: