
Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց (լրացված)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր շտապօգնության մեքենայով՝ պատգարակով, «Էրեբունի» բժշկական կենտրոնից դատարան էր տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:
Դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը և որոշում է կայացրել Մանուկյանի նկատմամբ կիրառել կալանավորում երկու ամիս ժամկետով: Պ. Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրել է, որ իր պաշ տպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։
Այս հոդվածով նախատեսում է ազատազրկում 6-12 տարի ժամկետով:
235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:
Այս հոդվածով նախատեսում է 3-8 տարի ազատազրկում:
Պավլիկ Մանուկյանը դատարանում հայտարարեց, որ չի ընդունում մեղքը:
Նրան տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»:
Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի