Ձերբակալված Անդրիաս Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը, պահանջում է ամուսնուն հիվանդանոց տեղափոխել
168.am-ի խմբագրություն էր զանգահարել ձերբակալված Անդրիաս Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը՝ ասելով, որ պահանջում է, որպեսզի ամուսնուն հիվանդանոց տեղափոխեն: Տիկին Թարխանյանը նշեց, որ ամուսինը գիշերվանից վատ վիճակում գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում:
«Առաջին բուժօգնություն ցուցաբերված չէ, փոխարենը հիվանդանոց տեղափոխեն, պահել են իրենց մոտ: Հուլիսի 21-ից վերք ունի, որը թարախակալված է»,- ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մահակով հարվածել են Անդրիաս Ղուկասյանին, ում երկու ծնկները վնասվել են, նա շատ դժվարությամբ է քայլում: Բացի այդ` Անդրիաս Ղուկասյանը ոտքի շրջանում մեկ այլ վնասվածք ունի, որ ստացել էր ոստիկանության կիրառած նռնակի պայթյունի արդյունքում: Անդրիաս Ղուկասյանը պահվում է Երևանի ՁՊՎ-ում:
Փաստաբանի խոսքով` Անդրիաս Ղուկասյանը հայտնել է, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող զանգվածային անկարգություն կազմակերպել: «Նա ասում է, որ, ըստ էության, սա իր գործունեությունը սահմանափակելու համար է, որ ոստիկաններն այդ օրը չեն գործել «Հավաքների ազատության մասին» օրենքի շրջանակներում, կասկածանքը շինծու է, իրեն պարզապես փորձում են մեկուսացնել իր գործունեությունից»,- ասաց Տիգրան Հայրապետյանը` նշելով, որ կսպասեն` տեսնեն` մեղադրանք կառաջադրվի՞, թե՞ ոչ, դատարանից այս պահին հեղափոխական որոշումներ սպասել ճիշտ չէ:
«Եթե ողջամտությունը պետք է հաղթանակի, համացանցում նկարահանված է, իրենց ամբողջ գործունեությունը բաց է, քննչական մարմինները կարող են նայել, տեսնել, թե ինչպես կարող էր Անդրիաս Ղուկասյանը լինել զանգվածային անկարգությունների կազմակերպիչ և այդ զանգվածային անկարգությունների տուժողը»: