«Սերժ Սարգսյանը հայտնվել է երկու քարի արանքում». Stratfor

Ամերիկյան Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Երևանում կատարվող իրադարձություններին, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից Երևանում Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանն ու դրա հետևանքով տեղի ունեցող զարգացումներին:

Վերլուծության մեջ նշվում է, որ Հայաստանը ներկայումս գտնվում է ՀՀ անվտանգության ուժերի և «Հիմնադիր խորհրդարանի» փակուղում: Հուլիսի 17-ից զինված խումբը գրավել է Ոստիկանության ՊՊԾ շենքը, սպանել մեկ սպայի ու մինչ օրս օկուպացված է պահում այն: Խումբը պահանջում է բանտից ազատ արձակել ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին և մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաև՝ պահանջում է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Իրավիճակին լուծում տալու կառավարության ձախողումներին բախվելով` քաղաքացիները դուրս են եկել փողոց` իրենց բողոքը հայտնելու իշխանություններին, որոնք չեն կարողանում լուծել խնդիրը:

Խումբը, ի թիվս իրենց այդ արարքի մյուս շարժառիթների, նշում է ապրիլյան իրադարձությունների (ղարաբաղաադրբեջանական սահմանի քառօրյա պատերազմը.- 168.am) ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքային կորուստը:

Stratfor-ը գրում է, որ պատանդների հետ կապված ճգնաժամը քողազերծում է Հայաստանի կառավարության խնդիրները: Ապրիլյան բախումներից հետո Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդությամբ դիվանագիտական ակտիվություն ցուցաբերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև` գտնելու ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը 1994թ. հրադադարից ի վեր:

Քանի որ Հայաստանը հաղթել է պատերազմը, Երևանը ցանկանում է պահպանել Լեռնային Ղարաբաղի ներկայիս քաղաքական և տարածքային կարգավիճակը, այնինչ Ադրբեջանը շահագրգիռ է այն փոխել:

Stratfor-ը նշում է, որ ապրիլյան պատերազմով Ադրբեջանը փորձեց նոր ազդակ հաղորդել բանակցություններին և Հայաստանի դաշնակից Ռուսաստանին ստիպել ոչ միայն ռազմական աջակցություն չցուցաբերել, այլև բանակցություններ սկսելու համար Հայաստանի վրա ճնշում գործադրել:

Խոսակցությունները թուլացրել են Հայաստանի կառավարության դիրքերը երկրում: Նշվում է, որ բազմաթիվ հայեր մտավախություն ունեն, որ Սերժ Սարգսյանը կարող է Ադրբեջանին տարածքային զիջումներ անել:  Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումները կարող են տապալել Հայաստանի իշխանությանը:

Stratfor-ը հիշեցնում է, որ 1998թ. ԼՂ հարցով զիջումների գնալու պատրաստակամության պատճառով հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնվել է երկու քարի արանքում: Մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից` Արևմուտքը, Երևանին դրդում են առաջընթաց գրանցել և քաղաքական լուծում տալ ԼՂ հակամարտության կարգավորմանը, բայց մյուս կողմից՝ Սարգսյանը քաջ գիտի, որ ցանկացած մեծ զիջում կարող է սպառնալ իր պաշտոնին և կործանարար լինել իր կառավարության համար:

Չնայած պատանդների ճգնաժամը միայն ԼՂ հակամարտության շուրջ մտահոգություններով չի բացատրվում, սակայն դա լուրջ ազդեցություն ունի: Բնակչության աճող դժգոհությունը՝ զուգորդված անվտանգության ուժերի բռնությունների, ուժի կենտրոնացման և կոռուպցիայի հետ, որոնք ասոցիացվում են Սարգսյանի կառավարման հետ, «Հիմնադիր խորհրդարանի» հետ դիմակայությունն ավելի են թուլացրել իշխանությունների դիրքերը:

 

Տեսանյութեր

Լրահոս