«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռերի» կալանավորված անդամների տեսակցությունը սահմանափակվել է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ի թիվս այլ սահմանափակումների, սահմանափակվել է նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց` Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի տեսակցության իրավունքը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ: Ի պատասխան մի խումբ լրագրողների` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ այցելելու նախաձեռնության հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինից:
«Հարգելի լրագրողներ,
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության համաձայն` «Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ի թիվս այլ սահմանափակումների, սահմանափակվել է նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց` Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի տեսակցության իրավունքը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ:
Հավելենք նաև, որ վերոգրյալ իրավական սահմանափակումները, օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, ինչպես նաև` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը, ստանում են պատշաճ բժշկական օգնություն, ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և հիվանդ դատապարտյալների ու կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված ու սահմանված սննդով, նրանց հիվանդասենյակների սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են, ինչի մասին հանրությունը տեղեկացվել է թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և թե քրեակատարողական ծառայության կողմից»: