«Եթե ժողովուրդը մտներ ՊՊԾ գունդ, Երևանում պարզապես քաոս կսկսվեր, չափազանց վտանգավոր կլիներ». Աղասի Ենոքյան

«Ոստիկանության գործողություններն ամենևին իրավաչափ չէին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ խոսելով երեկ Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց ընթացքում մի քանի տասնյակ քաղաքացիներ վիրավորվեցին և բերման ենթարկվեցին:

Ըստ մեր զրուցակցի ՝ եթե Ոստիկանության խնդիրը հավաքը ցրելն էր, նա պարզապես պետք է չարտոնված հանրավաքը ցրելու համար հատուկ միջոցներ կիրառեր, ոչ թե ծեծուջարդ կազմակերպեր, գաղտնի գործակալներին ուղարկեր այնտեղ, որոնք քաղաքացիական հագուստով մտան ժողովրդի մեջ, սկզբում փորձեցին սադրել ժողովրդին և հետո՝ ոստիկանական ֆունկցիաներ կատարեցին.

«Որևէ իրավաչափ բան չեմ տեսնում, չափազանց դատապարտելի է Ոստիկանության այս գործողությունները, ըստ էության, նրանք փոխել էին իրենց թիրախը: Խնդիրն այդ ՊՊԾ գունդն ազատելն էր, մինչդեռ իրենք մարտ էին տալիս այդ հանրահավաքի մասնակիցների հետ»:

Մեր hարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ ոստիկանները նման կերպ վարվեցին, Ա. Ենոքյանն այսպես պատասխանեց. «Դե, պատճառն այն էր, որ այդ ժողովուրդը փորձում էր մտնել ՊՊԾ գունդ, հիմնական պատճառը սա էր, ինչն անթույլատրելի էր և նույնպես դատապարտելի է, որովհետև մենք գիտենք, թե դրանից հետո ինչ սխեմա էր գործելու, բայց ոստիկանները կարող էին շատ ավելի օրինաչափ միջոցներով այս ամեն ինչն անել: Իսկ թե ովքեր ստիպեցին, ովքեր սադրեցին ժողովրդին՝ գնալ դեպի այնտեղ՝ ես չեմ կարող ասել»:

Դիտարկմանը, թե հարթակում կանգնածներն ասել են, որ իրենք նպատակ չեն ունեցել մտնել ՊՊԾ գունդ ու ոստիկաններին փորձել են բացատրել, որ իրենք նման նպատակ չունեն, Ա. Ենոքյանը պատասխանեց, որ, ամեն դեպքում, ժողովրդի գործողությունները դրան էին ուղղված, ժողովուրդը գնում էր դեպի ՊՊԾ. «Այլ դեպքում ո՞րն էր նպատակը՝ գնալ այնտեղ: Կարող է հարթակը պարզապես այդ պահին այլևս չի վերահսկել իրավիճակը»:

Հարցին՝ եթե մտնեին ՊՊԾ գունդ, ի՞նչ կարող էր լինել, Ա. Ենոքյանը պատասխանեց, որ շատ սարսափելի իրավիճակ կստեղծվեր. «Ըստ որոշ տեղեկությունների՝ այնտեղ կա մեծ քանակությամբ զենք, այդ զենքը պետք է բաժանվեր անվերահսկելի ժողովրդի մեջ, և Երևանում պարզապես քաոս կսկսվեր: Շատ վտանգավոր կլիներ, չափազանց վտանգավոր կլիներ, էլ չեմ խոսում, որ մտնելու ընթացքում, անհասկանալի է՝ ինչպե՞ս կլիներ այդ ամեն ինչը, ինչքա՞ն զոհեր կլինեին»:

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ եթե ոստիկանների նպատակն այն էր, որ ժողովրդին թույլ չտային մտնել ՊՊԾ գունդ, ինչո՞ւ նաև բռնություններ եղան լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Ի պատասխան՝ Ա. Ենոքյանն ասաց. «Մի կողմից՝ կարելի է մտածել՝ պարզապես փորձել են հնարավորինս շատ չարություն, կոշտություն ցույց տալ, որի պատճառով է, որ այդ ամեն ինչը եղել է: Մյուս կողմից էլ՝ երևի թե եղել է հրաման՝ անողոքաբար ճնշել ամեն ինչ և հաշվի չառնել որևէ օրենք, լրագրողների պաշտպանության որևէ մեխանիզմ, բիրտ ուժ ցույց տալ, իրենք կարծում են՝ դրանից հետո ժողովրդին կվախեցնեն և կլռեցնեն»:

Տեսանյութեր

Լրահոս