Բաժիններ՝

«Չընդունելով փողոցային պայքարի կամ ուժային հեղափոխությունների սկզբունքները, ինքս էլ այսօր դուրս եմ գալու փողոց». Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, անդրադառնալով երեկ գիշեր Խորենացի փողոցում և Սարի թաղում կատարված դեպքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքս չհավատաով ուժային հեղափոխությունների տված օգուտին, չկիսելով այսօր հարթակից հնչող քաղաքական գործիչների տեսակետները, որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ, խստորեն դատապարտում եմ ցուցարարների հանդեպ կիրառվող ցանկացած բռնի ուժ:

Ցուցարարների մեջ առկա սադրիչների և օրինազանցների ներկայությունը հիմք չի կարող հանդիսանալ որպեսզի բառիս բուն իմաստով պատժվեն և կտտանքների ենթարկվեն մեր քաղաքացիները: Այսպես կոչված «հատուկ միջոցները» մարմնական ծանր վնասվածքներ են պատճառում մեր քաղաքացիներին և, ըստ այդմ, դրանք ոչ մի պատրվակով չպետք է կիրառվեն սեփական քաղաքացիների նկատմամբ:

Ցուցարարների մեջ գերակշռում են և բացարձակ մեծամասնություն են կազմում ազնիվ քաղաքացիները, ում այսօր փողոց են հանել ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչների կոչերը, այլ երկրում տիրող սոցիալական, իրավական, քաղաքական անարդարությունը և նման մարդկանց հանդեպ կիրառել նման միջոցներ ես համարում եմ հանցագործություն… Իրադարձությունների նման զարգացումը կբերի ոչ թե հանգուցալուծման, այլ իրավիճակի կտրուկ սրացման:

Կրկնում եմ, չկիսելով այսօր քաղաքական գործիչների նման լուծումները, չընդունելով փողոցային պայքարի կամ ուժային հեղափոխությունների սկզբունքները, ես ինքս էլ այսօր դուրս եմ գալու փողոց, հենց միայն նրա համար, որպեսզի իմ հնարավորությունների սահմանում պաշտպանեմ մեր քաղաքացիներին բռնություններից:

Անընդունելի է որևէ բացատրությունը, թե իբր պաշտպանվում են քաղաքացիների իրավունքները և նրանց անվտանգությունն է ապահովվում նման մեթոդներով, ինչի արդյունքում կարող է քաղաքացին ստանալ ծանր մարմնական վնասվածք: Ես այս գիշեր տեսանյութ եմ հրապարակել, ուր մանրամասնել եմ իմ մոտեցումները ստեղծված իրավիճակին, տվել եմ իմ բացատրությունը, թե ինչու ես անմիջական մասնակցություն չեմ ունենում քաղաքական իրադարձություններին, սակայն, որպես հայ մարդ, չեմ կարող անտարբեր մնալ, երբ տեսնում եմ բռնություն սովորական քաղաքացիների, իմ ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ:

Շարունակեք նման վերաբերմունք և վաղը 10 հազարների փոխարեն հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս կգան փողոց, առանց որևէ մեկի կոչին սպասելու կամ առանց հավատալու քաղաքական ընդդիմությանը կամ որևէ գործչի: Իշխանությունները երբեք պատժիչ գործողություններ չպետք է կիրառեն սեփական ժողովրդի նկատմամբ: Երեկվա և ընդհանրապես վերջին օրերի ընթացքում կիրառվող միջոցները այլ կերպ բնութագրել չի կարելի, և անընդունելի է ցանկացած քաղաքացու կողմից!!!»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս