«Սայադը ցուցարար չի եղել, ընդամենը հորեղբոր տուն գնալիս է եղել». պատմում է աչքից զրկված 17-ամյա Սայադ Հարությունյանի քույրը
Երեկ գիշեր Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով աչքից զրկված 17-ամյա Սայադ Հարությունյանի քույրը՝ Սվետլանա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եղբայրը ցուցարարների հետ կապ չի ունեցել:
«Սայադը ցուցարար չի եղել, ընդամենը հորեղբոր տուն գնալիս է եղել, որը ժամանակավոր Մոսկվայից է եկել ու Սարի թաղում բարեկամի տանն էր մնում: Քանի որ երթուղայինների համար ճանապարհ չի եղել, փակել են, որոշել է այդ ճանապարհը ոտքով անցնել՝ առանց իմանալու, որ այդ մասում ցույց կլինի: Չի հասցրել անցնել, որովհետև այդ պայթյուններն են սկսվել: Արդյունքում աչքն է վնասվել ու հեռացրել են: Բժիշկներն ասացին՝ տեսողության մասին խոսք լինել չի կարող, բայց նշեցին, որ պրոթեզավորման համար քայլեր կձեռնարկեն և աչքը ամբողջ մկաններով կփորձեն վերականգնել: Աչքն ամբողջությամբ հեռացված է»,-նշեց Սվետլանան՝ հավելելով, որ այսօր տեսել է եղբորը ու զրուցել նրա հետ.
«Գիտակցության եկել է, ճիշտ է՝ մի փոքր ցավեր ունի աչքի շրջանում, բայց ինքն իրեն պինդ է պահում, հույս է տալիս մեզ: Հուսանք՝ լավ կլինի»:
Քույրը նաև նշեց, որ Սայադը դպրոցական է, սովորում է 11-րդ դասարանում, մյուս տարի ավարտելու է դպրոցը: Սվետլանայից նաև տեղեկացանք, որ Սայադի վիրահատության ու հետագա բուժումների ծախսերը հոգալու են հարազատները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում