«Ժառանգությունը» դատապարտում է
Այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշերը, կեղծված ընտրություններից եւ սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների, բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր: Իշխող վարչախումբը ֆիզիկապես նվաստացրեց, ահաբեկեց ու ձերբակալեց հարյուրավոր քաղաքացիների, այդ թվում լրագրողների` խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար:
Ուշ գիշերային ձերբակալություններից շատերն ուղեկցվում էին քաղաքացիական հագուստով ոստիկանների աննախադեպ բռնություններով, սարսափազդու ճայթուկների ու պայթուցիկների կիրառմամբ: Բերման ենթարկված քաղաքացիների թվում էին «Ժառանգության» առաջամարտիկները` Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Սուսաննա Մուրադյանը: Նրանց գտնվելու վայրն անհայտ է:
Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պահանջում ենք այս վարչակազմի հրաժարականը, որը վերստին ապացուցեց, որ ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ աշխարհի հետ, եւ շարունակում է հակված մնալ ավելի շուտ Յանուկովիչի ու աշխարհի բռնապետական, ամբողջատիրական այլ վարչակարգերին:
Առանց երկրի ներսում քաղաքացիական եւ մարդու իրավունքների հարգման եւ պատշաճ պաշտպանության, առողջ բանավեճի, երկխոսության ու արդարության հնարավորություններն ի չիք կդառնան, եւ մեր երիտասարդ, խոստումնալից հանրապետությունը կհայտնվի անկանխատեսելի ու անձեւ քաոսի դեմհանդիման, ինչը կարող է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք դառնալ:
Առաջարկում ենք բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հանրությանը` մեկտեղել ջանքերը, միասին ոտքի ելնել` կարճ ժամանակամիջոցում հաստատելու սահմանադրական պետություն` խարսխված ազատ, արդար ընտրությունների եւ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգման սկզբունքների վրա:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
30 հուլիսի 2016
Երեւան