Բաժիններ՝

«Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունված հիվանդների վիճակը կայուն է. Միքայել Մանուկյան

Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունված հիվանդների վիճակը կայուն է, նրանք համապատասխան բուժօգնություն են ստանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ երեկոյան 8-9-ի մոտակայքում ընդունել են ՊՊԾ գնդի տարածքից 2 հոգու` Արթուր Մելքոնյանին ու Արմեն Լամբարյանին, որոնցից առաջինի մոտ կար թեթև երկու ազդրերի բեկորային վնասվածք` առանց ոսկրային վնասումների, հիվանդը գտնվում է կայուն բավարար վիճակում, կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում:

Մ.Մանուկյանի խոսքով` Լամբարյանի մոտ կար ձախ ազդրի փափուկ հյուսվածների բեկորային հրազենային վնասվածք, կատարվել է վիրահատություն, հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` արհեստական շնչառության տակ և այդպես կմնա մինչև առավոտ:

«Ավելի ուշ ժամի ընդունել ենք 8 հոգի ոստիկանության աշխատողներ: Նրանցից մեկը բավականին ծանր վիճակում է, ուներ ծանր հրազենային որովայնային վիրավորում` հաստ աղիքի վնասումով և արյունահոսությունով: Անմիջապես տոմոգրաֆիա է արվել և հիվանդը տեղափոխվել է վիրահատարան, արդեն 2 ժամ է, ինչ վիրահատում ենք, կավարտենք մոտ 40 րոպեից կամ 1 ժամից: Բավականին ծանր վնասում էր»,- ասաց Մ.Մանուկյանը:

Նա նշեց, որ մյուս ոստիկանների մոտ կան բեկորային վնասվածքներ, իրենք բավարար վիճակում են գտնվում, համապատասխան առաջին վիրաբուժական մշակումներ են արվում, գիշերը կմնան հիվանդանոցում, վաղը վիճակը պարզ կլինի: «Մի քանի քաղաքացիական հիվանդ է դիմել` ոչ բարդ վնասվածքներով, մեկի ճակատն էր պատռված, կար ենք դրել, մեկը ցնցումով պառկել է նեյրովիրաբուժական բաժանմունք, մյուսը ծնոտի կոտրվածք ունի, տվյալ պահին վիրահատում ենք»,- ասաց Մ.Մանուկյանը: Նա հերքեց լրատվամիջոցերով տարածված տեղեկությունները, թե «Էրեբունիում» մանկահասակ երեխաներ կան, այն էլ` վերակենդանացման բաժանմունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս